ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ Հանրապետական կուսակցությունը հակված է մասնակցելու վաղը խորհրդարանում անցկացվելիք արտահերթ նիստին` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ:
«Մենք կարծում եմ պետք է մասնակցենք նախագծի քննարկումներին, որպեսզի ավելի հանգամանալից, ավելի ազատ պայմաններում այդ խնդիրները վերլուծենք: Եթե կլինեն նորմալ, լավ առաջարկներ, մենք պատրաստ ենք ե՛ւ քննարկել, ե՛ւ ընդունել, ե՛ւ նաեւ համատեղ աշխատանք իրականացնել»,-ասաց Սահակյանը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է հետաձգվի օրենքի պարտադիր բաղադրիչը մեկ տարով եւ լուրջ փոփոխություններ մտցվեն, Սահակյանը պատասխանեց.
«Դրանք տեխնիկական խնդիրներ են եւ քննարկման արդյունքում պարզ կդառնան: Մենք պատրաստ ենք եւ հակված ենք քննարկում ծավալել, լսելու առաջարկությունները, որը կարծում եմ շատ կարեւոր փաստ է: Կարծում եմ, լսելով այդ առաջարկները, որոշակի հետեւություններ կանենք»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում հավաքվել էր 44 պատգամավորի ձայն՝ ՀՅԴ, Ժառանգություն, ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցություններից, արտահերթ նիստ հրավիրելու՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ: