տուն Հասարակություն Իրավական ՀՀԿ գրասենյակում իրականացվել են քննչական գործողություններ. ՀՔԾ

ՀՀԿ գրասենյակում իրականացվել են քննչական գործողություններ. ՀՔԾ

272
0

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ին Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը: «Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,- իր պահանջը հիմնավորելիս՝ նշել է Արման Բաբաջանյանը:

Եվ, ահա, ինչպես ցույց են տալիս ընթացիկ իրադարձությունները, այս ամենը ուղեկցվում է նոր զարգացումներով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել հետևյալը. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»: ՀՀԿ փոխնախագահը հավելել է նաև, որ այդ նյութերը տրամադրվել են:

Araratnews.am-ի հարցման ի պատասխան՝ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց, որ ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ համաձայն այսօր իրենց տարածած հաղորդագրության և հարուցված քրեական գործի շրջանակում: Մեր հարցին, թե ինչպիսին կլինեն ՀՔԾ հետագա գործողությունները սույն քրեական գործի շրջանակում, Մարինա Օհանջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ ոչինչ չի կարող ասել՝ նախաքննության շահերից ելնելով: Միաժամանակ, ՀՔԾ մամուլի խոսնակը հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here