Ինչպես այսօր տեղեկացանք, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ Սերյոժա Գրիգորյանի թեթև ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: Եթե այս տեղեկատվությունը վերաբերվեր Արդբեջանի Հանրապետությանը, ապա մեզ համար դա հասկանալի կլիներ, ավելին, կբարձրաձայնեինք այդ մասին միջազգային ատյաններում: Եզդիների հին գերեզմանատան հետ կատարվել է մի բան, որը բացի սրբապղծություն որակելուց, դժվար է այլ բան անվանել, քանզի ուրիշի հանգուցյալների հիշատակը չհարգողը չի կարող սեփական հանգուցյալներին հարգել: Գործարար Սերյոժա Գրիգորյանը իր այս քայլով վիրավորում է մի ողջ ժողովրդի և խաղում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության հետ: Տարիներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես է Ադրբեջանի պետական քաղաքականության արդյունքում քանդվում Նախիջևանի հին հայկական գերեզմանատունը, որը և՛ սրբություն էր մեզ համար, և՛ մշակութային արժեք ամբողջ աշխարհի համար: Սերյոժա Գրիգորյանի արածը հանցագործություն կլինի քաղաքականացնելը, սակայն այն որ մի գործարար իր կատարած քայլով վնասում է մի ամբողջ պետության հեղինակություն և վիրավորում այդ պետության հազարավոր քաղաքացիների՝ կարծում ենք հերքելն անիմաստ է: Այս կապակցությամբ անհապաղ հրավիրում ենք ՀՀ պետական պատկան մարմինների ուշադրությունը կատարված հանցագործության վրա և պահանջում ենք, որպեսզի տվյալ անձը վերականգնի եզդի ազգին հասցված վնասը, ինչպես նաև պատասխանատվություն կրի օրենքի առաջˋ սրբապիղծ գործունեության համար: Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տալու նման մարդկանց արատավորելու երկրի համբավը: «Սինջար եզդիների ազգային միավորումը» հետամուտ է լինելու այս խնդրին, ինչպես նաև մեր ներկայացուցիչները կլինեն նշված համայնքում և կարձանագրեն տեղի ունեցածը:
ՀՀԿ-ական պատգամավորի բարեկամը քանդել է հին եզդիական գերեզմաններ
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդ