Ազգային ժողովի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, խոսելով Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրենքի նախագծի մասին, ներկայացրել է օրենքի դրական և բացասական կողմերը: Նրա համոզմամբ` օրենքը շատերի կողմից անձնավորված է մեկնաբանվում, քանի որ սկսում են համեմատել պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը, այնինչ պետք է ձերբազատվել այդ մոտեցումից: Դավիթ Հարությունյանը քննարկվելիք փաստաթուղթը համարել է ոչ թե օրենք աշխատավարձերի մասին, այլ քաղաքական փաստաթուղթ, որն արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա երկրում որոշումների կայացման տեսանկյունից. «Ահա ինչու մենք թույլ ենք տալիս, որ մեկի աշխատավարձը մյուսից 0,5 տոկոսով ավելի լինի, քանի որ մենք դրա մեջ քաղաքական մոտեցում ենք դնում»: ՀՀԿ-ական պատգամավորը համեմատություն է անցկացրել Սինգապուրի հետ, որի վարչապետը հանրային բարեփոխումների քննարկման ժամանակ ասել է.«Թեև ես ունեմ տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձը, սակայն ֆինանսական առումով ես ունեմ ամենանվազ կարողությունները»: Այսինքն, թեև ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ: Դավիթ Հարությունյանը համաձայնել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դիտողության հետ` կապված կոռուպցիայի հետ. «Նույն Սինգապուրում դատական իշխանությանը առանձնահատուկ դեր տվեցին, բայց նաև համաձայն եմ պարոն Մանուկյանի հետ, միայն աշխատավարձերի բարձրացումով չէ, որ կոռուպցիան կկրճատվի ու կլինեն փոփոխություններ, անհրաժեշտ են նաև բովանդակային փոփոխություններ»:
Էմմա Պալյան