տուն Լուրեր Հիմա ո՞վ է օրենսդրության պահանջը սխալ մեկնաբանում

Հիմա ո՞վ է օրենսդրության պահանջը սխալ մեկնաբանում

97
0

«Ի՞նչ է կատարվում անձնագրային բաժիններում» հոդվածում երեկ Hraparak.am-ը անդրադարձել էր 59-ամյա Գեւորգ Սահակյանին անձնագիր տրամադրելու հետ կապված պատմությանը: Քաղաքացու պատմելով, անձնագիր տալու համար նախատեսված ժամկետը՝ 15 օրը, վաղուց լրացել էր, իսկ քաղաքացին դեռ անձնագիր չէր ստացել։ Անձնագիր ստանալու համար նա դիմում գրել էր մարտի 20-ին: Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների բաժնից փորձեցին արդարանալ, որ ուշացում տեղի չի ունեցել, այլ, համաձայն ՀՀ օրենսդրության, նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, որը, ոչ աշխատանքային օրերով պայմանավորված, կազմում է 21 կամ ավելի օր:

 

Բայց տարրական թվաբանությունն ասում է, որ մարտի 20-ից մինչեւ ապրիլի 14-ը առնվազն 25 օր է կազմում, այլ ոչ թե 21: Այնպես որ, անգամ այս դեպքում անձնագրայինը խախտել է ժամկետը: Բայց դա դեռ ոչինչ. փոխանակ ոստիկանությունն ու իր անձնագրայինը պարզ հետեւություն անեին մեր հրապարակումից, երեկ «պարզաբանում» են ուղարկել մեզ, որտեղ լրագրողին են մեղադրել «օրենսդրության պահանջը չհասկանալու» մեջ: Ահա այն. ««Հրապարակ» օրաթերթի 2014թ. ապրիլի 15-ի համարում հրապարակված «Ի՞նչ է կատարվում անձնագրային բաժիններում» հոդվածում նշվում է, թե իբր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը հայտարարել է, որ «ճիշտ է, անձնագիր տրամադրելու համար ժամկետը նշված է 15 օր, բայց իրենք 21 օրվա ընթացքում են տրամադրում»: Հայտնում ենք, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, եւ հոդվածագիրը ճիշտ չի հասկացել ՀՀ օրենսդրության պահանջը, ըստ որի` նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, որը, ոչ աշխատանքային օրերով պայմանավորված, կազմում է 21 կամ ավելի օր»:

 

Մեր հրապարակման հետքերով երեկ այլ քաղաքացիներ էլ զանգահարեցին: Խաչիկ Վարդանյանը, օրինակ, անձնագրի համար դիմել է Շենգավիթի անձնագրային բաժին։ «Փաստաթղթով ժամկետ նշանակեցին, որ ապրիլի 9-ին անձնագիրս կստանամ, նշված ժամանակին գնացի, համար տվեցին՝ ասեցին, որ պետք է մեկ  շաբաթից զանգեք, այսօր առավոտյան զանգահարեցի, պարզվեց, որ դեռ անձնագիրը չկա, մոտ ապագայում լինելու  մասին էլ խոսք անգամ չի կարող լինել»,-ասաց քաղաքացին։ Երբ դժգոհել է, որ թոշակառու է, իսկ առանց անձնագրի թոշակ չեն տրամադրում, Շենգավիթի անձնագրային բաժնից առաջարկել են տրամադրել ժամանակավոր անձնագիր՝ մինչեւ նոր անձնագիրը պատրաստ կլինի։ «Նորից նկարվելու համար էլ գումար պետք է մուծենք, թոշակ չենք ստացել, մեզ գումար որտեղի՞ց, հո պարտք չե՞նք անելու»,-ասում է Վարդանյանը։ 21 օրից անցել է եւս մեկ շաբաթ, իսկ քաղաքացին դեռ անձնագիր չի ստացել, 21 կամ ավելի օր ասելով, նկատի ունեն մեկ ամիս կամ ավելին՝ պարտավոր են քաղաքացիներին տեղյակ պահել այդ մասին։ Կապվեցինք նաեւ Շենգավիթի անձնագրային բաժնի հետ, որտեղից տեղեկացրին, որ «օվիրում» անձնագրերը չեն տպվել։

 

 Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ

Աղբյուրը` Hraparak.am: