«Ինձ համար անընդունելի է, երբ որեւէ մեկը իրեն իրավունք է վերապահում գնահատել՝ ով է ընդդիմությունը, ով՝ ոչ: Թող նախ նայի իրենց խմբակցությանը: Պարոն Մինասյանը ելույթ է ունեցել եւ ներկայացրել օրենքի մասին իր մոտեցումները, նշել, թե ովքեր են դեմ այս օրենքին, իսկ քննադատողները պոպուլիզմով են զբաղվում: Հիմա Նիկոլը պետք է ապացուցի, որ ինքը պոպուլիզմով չի զբաղվում»,- ԱԺ-ում կազմակերպված ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, որով կարծես թե կասկածի տակ էր դրվում Դաշնակցության՝ ընդդիմություն լինելու փաստը: ՀՅԴ քարտուղարը նշել է, որ վաղուց ժամանակն էր, որ այս օրենքը ընդունվի: Ըստ նրա՝ վերջին վեց տարում պետական ոլորտում աշխատավարձերի բարձրացում չի եղել: «Դատախազները, դատավորները շատ ավելի բարձր են, այս օրենքով նրանց աշխատավարձերը չեն բարձրացնում, երբ որեւէ մեկը իրեն իրավունք է վերապահում դատել բոլորին, միշտ էլ վտանգ կա, որ կարող է սխալվել, եւ իմ ընկերական խորհուրդն է զբաղվել նրանով, ինչով զբաղվելու համար կոչված ես, եւ մենք խաղաղ աշխատում ենք, իսկ որ մենք ընդդիմություն ենք, դա փաստարկված է, իսկ կասկածողները միշտ էլ կշարունակեն կասկածել»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությանը՝ ԱԺ պատգամավորը նշել է, որ իրենց համար այդ որոշումն անակնկալ էր եւ անսպասելի:
Նա պատասխանել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալության մասին հարցին՝ թե սա չի՞ ենթադրում, որ նախարարը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի. «Այս պարագայում՝ հայրեր եւ որդիներ … որեւէ կուսակցական գնահատական տալը ճիշտ չեմ համարում, ամեն դեպքում յուրաքանչյուր ոք ինքն է որոշում, եւ կարծում եմ սա բարոյական չէ»:
Էմմա Պալյան