Քեսաբահայության հարցը դադարել է լինել միայն Հայաստանի խնդիրը, այն ակտիվ քննարկվում է ամբողջ աշխարհում, սակայն կոնկրետ արդյունքների դա առայժմ չի հանգեցրել։
Այս խնդիրը նաև օգտագործվում է որոշ երկրների կողմից իրենց սեփական շահերի համատեքստում։ Վերջին օրերին ռուսական հեռուստաալքիներն անընդհատ խոսում են այս խնդրի մասին՝ ամեն ինչում մեղադրելով Արևմուտքին։ Ավելին, նրանք հայտնում են հայերի շրջանում բազմաթիվ զոհերի մասին։ Սակայն երեկ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ավելի վաղ այցելել էր Սիրիա և անձամբ ծանոթացել խնդրին, հայտարարել էր, որ հայերի շրջանում զոհեր չկան։
Երեկ քեսաբահայության խնդրին անդրադարձել է նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը, ով իր զինակիցների հետ ոչ վաղ անցյալում, Սիրիայում գործող գրոհայինների նման, ահաբեկչություններ էր իրականացնում Չեչնիայում, Լեռնային Ղարաբաղում, Վրաստանի հյուսիսում։ Եվ ահա Քադիրովը հայտարարել է, որ Սիրիայում սպանվել է մոտ հարյուր մարդ, որոնք հայեր են։
«Սիրիայում հերթական անգամ թափվել է հայի արյուն։ Ըստ Սիրիայի իշխանությունների՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժած գրոհայինները Քեսաբում սպանել են հարյուր մարդու։ Դրանք հայեր են՝ Սիրիայի բնիկ ժողովուրդ»,- ասել է Քադիրովը՝ հարց ուղղելով Եվրոպային և ԱՄՆ-ին, թե ինչու են նրանք լռում, ինչու են հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսում գրոհայիններին զինելու համար, ովքեր հանդես են գալիս «Սիրիայի օրինական իշխանության, ծերերի և երեխաների անունից»։ «Դեռ քանի սիրիացի պետք է զոհվի, որպեսզի ՆԱՏՕ-ն դադարեցնի աջակցել ահաբեկիչներին», — նշել է Քադիրովը։