Հոկտեմբերի 27-ի զոհ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նույնպես այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատկին:
«Հիմա ամենահարմար ժամանակն է բացահայտելու Հոկտեմբերի 27-ի գործը: Եթե նախկին իշխանությունների մեջ կային մարդիկ, որոնք շահեկան են դուրս եկել Հոկտեմբերի 27-ի գործից, ապա ներկայիս իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, չունեն նման խնդիր, չկա որևիցէ խոչընդոտ, կամ հանգամանք, որ իշխանություններին վնասի, որպեսզի բացահայտեն Հոկտեմբերի 27-ի գործը»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Հարցին, թե մարդիկ կան, որոնք պնդում են Հոկտեմբերի 27-ի բացահայտված լինելու մասին, Վազգեն Սարգսյանի եղբայրը նշեց, որ հենց նրանց մեջ պետք է փնտրել գործի՝ ամբողջապես չբացահայտված չլինելու մեջ շահագրգիռ անձանց:
«Նրանց է ձեռնտու, որ չբացահայտվեն պատվիրատուները: Իսկ ստահակը (Նաիրի Հունանյան-խմբ.), կարծում եմ՝ ասելիք ունի: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեկուսարանում էի, նա կարողանում էր մեզ «քսիֆ» ուղարկել, թե ինչու են արգելել իրեն արտահայտվել ու կարևոր բաներ ասել: Ուրիշ հարց է, թե ինչ մանևրումներ ունի, մտածում է, որ գործող իշխանությունները ավելի մարդասեր են. Բայց նաև չեմ կարծում, որ նա մեծ խաղաքարտեր բացի»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով, դատելով Արման Բաբաջանյանի վերջին տեսակցությունից ու որոշ մանրամասներից, Նաիրի Հունանյանը դեռ կարծում է, որ ինքը փրկիչ է, այսինքն՝ չի փոշմանել իր արածի համար: