Covid19 նոր կորոնավիրուսային համաճարակի առաջին դեպքերից սկսած «Նորք» ինֆենկցիոն կլինիկական հիվանդանոցն իր ամբողջ թիմով միահամուռ կերպով անցավ համավարակի դեմ պայքարին: Հիվանդանոցի բոլոր բաժանմունքների աշխատանքն ուղղվեց թագավարակի հաղթահարմանը:
Araratnews.am-ի բացառիկ հարցազրույցն այս անգամ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքի երկարամյա վաստակ ունեցող բժշկուհի, այս պահին ինքնամեկուսացման մեջ գտնվող Արմենուհի Կիրակոսյանի հետ է:
Հարգելի Արմինե Գրիգորեւնա (թույլ տվեք այդպես դիմել, քանի որ բոլորը Ձեզ այդպես են ճանաչում), զրույցի սկզբում ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր գործընկերներին անձնազոհ աշխատանքի և հազարավոր կյանքեր փրկելու կարևոր առաքելության համար: Խնդրում եմ պատմեք՝ ի՞նչ «մարտական պատրաստվածություն» ուներ հիվանդանոցը, երբ համավարակը Հայաստան հասավ:
Մենք պատրաստ էինք, որովհետև հիվանդանոցն ամեն ինչով ապահովված էր: Ոչ մի խնդիր չի եղել`դիմակներ, ձեռնոցներ, այդ ամենը կար: Երբ Չինաստանից եկավ հնարավոր վարակվածներով առաջին խումբը, մենք արդեն ամեն ինչ ունեինք: Ամեն ինչ պատրաստ էր: Իհարկե, սկզբում շատ լավ չէինք պատկերացնում, թե ինչի հետ պետք է գործ ունենանք: Բայց ոչ մի խոչընդոտ, խուճապ չկար: Հետո արդեն աշխատանքի ընթացքում հասկացանք՝ ինչպես հիվանդների հետ շփվենք, որ մենք չվարակվենք: Եվ այդ ամենը հիվանդանոցի ղեկավարության, հատկապես տնօրեն Վլադիմիր Դավիդյանցի ճիշտ գործողությունների, ինչպես նաև էպիդեմիոլոգի աշխատանքի արդյունքն էր։
Մինչ Ձեր ինքնամեկուսացումը ինչքա՞ն ժամանակ աշխատեցիք առաջին գծում:
Մոտ մեկ ամիս արտակարգ ռեժիմով աշխատեցինք, աշխատանքային օրը երկարաձգվեց: Կային բժիշկներ, որ ավելի երկար էին մնում: Հինգերորդ բաժանմունքի բոլոր բժիշկները, բաժանմունքի վարիչ Մելանյա Վահագնի Շմավոնյանի գլխավորությամբ, օր ու գիշեր աշխատում էին և այսօր էլ աշխատում են:
Մելանյա Վահագնի Շմավոնյան
Ես մանկաբույժ եմ: Մանկական կոնտինգենտն անհամեմատ ավելի քիչ է, հիմնականում մեծահասակների բաժինը սկսեց աշխատանքը և հիմնական ծանրությունը իրենց վրա էր, ինչպես եւ այսօր:
Կարո՞ղ ենք ասել, որ սա էլ բժիշկների պատերազմն է…
Բժիշկը միշտ է կռիվ անում իր հիվանդի հիվանդության դեմ, դրա համար պանդեմիա հարկավոր չէ: Սա ոչ պատերազմ է, ոչ էլ երկրաշարժ: Երբևէ սա կվերջանա: Ես կարծում եմ, որ շատ երկար չի տևի, որովհետև էպիդեմիոլոգներն իրենց աշխատանքը կատարում են շատ լավ: Եթե ժողովուրդը ընդհանուր առմամբ մի փոքր մնա առաջարկված սահմանափակումների սահմաններում, ամեն ինչը կլինի շատ լավ:
Դուք և Ձեր գործընկերները ամենառիսկային գոտում եք: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
Այո, Դուք իրավացի եք: Բժիշկները և բուժաշխատողները, բուժքույրերը, մայրապետերը, նույնիսկ պահակները, բոլորը ռիսկային գոտում են աշխատում, որովհետև հիվանդանոց գալիս է հիվանդ՝ ինչ-որ գանգատներով, ու մինչև հետազոտության պատասխանի լինելը ոչ ոք չի կարող ստույգ ասել հիվանդանոց այցելած մարդը Covid19-ով վարակված է, թե ոչ:
Ըստ Ձեզ, միայն բարձր իմունիտետ ունենալը բավարա՞ր է, որ մարդը չվարակվի կամ հեշտ հաղթահարի հիվանդությունը:
Այս հարցի շուրջ հիմա ամբողջ աշխարհի լավագույն ուղեղները փորձում են ինչ-որ եզրակացության գալ, հասկանան` ինչ է տեղի ունենում: Բազմաթիվ տարբերակներ են այսօր քննարկվում, քննարկվում են բուժման սխեմաները: Հետևելով լրահոսին՝ տեսնում ենք, որ առաջարկվում է արդեն առողջացած հիվանդների արյան պլազմայի փոխներարկում անել, որովհետև պլազման պարունակում է հակամարմիններ: Քննարկվում է այն հարցը, որ ժամանակին հակատուբերկուլոզային վակցինա (BCG — հեղ.) ստացածներն ավելի թեթև են տանում, որովհետև այդ վակցինան իմուն համակարգը ալերտ վիճակի է բերում: Ոչ մի ստույգ կարծիք դեռ չկա: Բարեբախտաբար, մեզ մոտ հիմնական մասը թեթև և միջին ծանրության ձևերն են, ծանր ձևերի դեպքում էլ շատ արագ են բարդությունները զարգանում, և, ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է լինում հիվանդին այդ վիճակից դուրս բերել:
Դուք այժմ ինքնամեկուսացման մեջ եք: Հեռվից, կողքի աչքով ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործընկերների աշխատանքը:
Ես ուզում եմ ասել, որ անկեղծ հիացած եմ մեր երիտասարդ բժիշկներով, իրենց կազմակերպվածությամբ, անձնազոհությամբ: Մարդիկ կան, որ տուն չեն գնում, թեպետ տանը ունեն երեխաներ, մեծահասակ ծնողներ:
Եվս մեկ անգամ շեշտեմ՝ հիացած եմ մեր երիտասարդ բժիշկներով: Համակարգն այդպես լարված աշխատել է մեկ էլ երկրաշարժի ժամանակ: Էն ժամանակ էլ, այն, ինչ արեցին բժիշկները, ինչ-որ մեկի համար հրաշք էր երևի: Հիմա էլ նույնատիպ անձնազոհությամբ աշխատում են ռեանիմատոլոգները, ինֆեկցիոն թերապիայի բաժանմունքի աշխատակիցները, թերապևտները: Բոլորն էլ աշխատում են ծանր գրաֆիկով: Աշխատանքը շատ է, հիվանդները` նույնպես: Փառք Աստծո, առողջացողները շատ են, ինչը հուսադրող է: Ուղղակի ժողովուրդը պետք է հասկանա, որ ձեռքերը հաճախ լվանալը ամենօրյա անհրաժեշտություն է: Հույս ունեմ, որ երբ պանդեմիան վերջանա, այդ սովորությունը գոնե մնա:
Այսօր նկատո՞ւմ եք հասարակության կողմից բժշկի աշխատանքի գնահատականի բարձրացում:
Գիտեք ինչ, շատ շոյված ենք, բոլորից շատ շնորհակալ ենք, որովհետև բոլորովին անծանոթ մարդիկ, որոնք ոչ մեկի ծանոթը չեն, օգնություն էին ցուցաբերում ոչ թե կոնկրետ մեկին, այլ ընդհանուր բոլորի համար. սնունդ էին բերում, ծաղիկներ էին նվիրում, ամեն դեպքում շատ հաճելի է, երբ քո ծանր աշխատանքը գնահատվում է:
Պանդեմիայի շրջանականերում, պետք է խոստովանեմ, որ բժիշկը նաև պետության ուշադրության կենտրոնում է: Ուղղակի շատ լավ կլիներ, որ և՛ կառավարությունը, և՛ հասարակությունը չմոռանար, որ բժիշկները միշտ առաջին գոտում են և միշտ ծանր աշխատանք են կատարում: Բժշկի աշխատանքը թեթև երբեք չի եղել, թե կորոնավիրուսի օրոք, թե մնացած ժամանակներում: Բժիշկը ուրիշի տառապանքը, ցավը վերցնում է իր վրա ու հոգեպես շատ մաշվում է:
Եվ վերջում Ձեր մաղթանքը Ձեր գործընկերներին ու մեր հասարակությանը:
Գործընկերներս եւ հասարակությունն իմ ժողովուրդն են։ Մաղթում եմ հաջողություն, առողջություն, համբերություն, մեծ կամք: Շատ դժվար է` հասկանում ենք, բայց պետք է դիմանալ, կատարել բժիշկների՝ տանը մնալու հորդորները, եւ ամեն բան լավ կլինի:
Հայկ Մագոյան