ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու պայմանագրին հավանություն տալու հարցը: Սա այն նույն գործարքն է, որ կնքվել է Պուտինի` անցած տարվա դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցի ժամանակ: Եւ իհարկե, խիստ կանխատեսելի է, որ կառավարությունն այդ հավանությունը կտա: Բայց ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագրում գտել է շատ հետաքրքիր թերություններ: Մասնավորապես, նախարարությունն «անընդունելի» է որակել պայմանագրի այն կետը, որով հայկական կողմն իր վրա պարտավորություն է վերցնում, որ վաճառքից հետո «Գազպրոմի» մասնաբաժինը «Հայռուսգազարդում» կկազմի 100 տոկոս: «… Տվյալ պարագայում անհասկանալի է, թե նախարարությունը` որպես վաճառող կողմ, ինչու պետք է ապահովի «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետեր լինելու պայմանը: Նշվածի ռիսկայնությունը կայանում է նրանում, որ եթե ինչ-ինչ պատճառներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի քանակն ավելանա, ապա նախարարությունն իր վրա պարտավորություն կվերցնի` 63 մլրդ 333 միլիոն 900 հազար ՀՀ դրամով հետ գնելու վաճառված բաժնետոմսերը»: Իհարկե, սա ամենայն հավանականությամբ խմբագրական բնույթի թերություն է, բայց ուշագրավն այն է, որ անցած տարվա դեկտեմբերին ԱԺ-ում այս պայմանագրի շուրջ ծավալված թեժ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ փաստաթղթի վրա աշխատել են չափազանց մանրակրկիտ եւ դրանում թերություններ հնարավոր չէ գտնել:
Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում