տուն Լուրեր ՀԺ.Արմենմովսիսյանների ժամանկը

ՀԺ.Արմենմովսիսյանների ժամանկը

222
0

 

1533208_580657812012452_1982148936_n«Հայկական Ժամանակ»-ը գրում է.

Վերը բերված լուսանկարը 11 տարվա վաղեմություն ունի: «Հայկական Ժամանակ»-ի  թղթակիցն այս պատկերը լուսանկարել է 2003 թվականի փետրվարի 5-ին, ժամը 14-ն անց 7 րոպեին: Այն ժամանակ հաստատ հնարավոր չէր կանխատեսել, որ այս լուսանկարն օրերից մի օր ձեռք կբերի առանձնահատուկ կարեւորություն: Իսկ կարեւորությունը հետեւյալն է: Երեկ «tert.am»-ին տված հարցազրույցում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «բոչկա է գլորել» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ: Խոսելով Քոչարյանի կողմից` «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու քննադատության մասին` Մովսիսյանն ասել է. «… պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված «Գույք-պարտքի դիմաց» գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է: …Սա («Հայռուսգազարդի» 20 տոկոսի հանձնումը- խմբ.) իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետեւից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ըստ Արմեն Մովսիսյանի, «Գույք պարտքի դիմաց» գործարքն իր «ետեւից թողել է կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»: Այսինքն, Մովսիսյանը սուր քննադատության է ենթարկում «պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված «Գույք-պարտքի դիմաց» գործարքը»: Շատ էլ ճիշտ գնահատականներ է տալիս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը «Գույք պարտքի դիմաց» գործարքին, բայց…: Այստեղ կա մի մեծ, յուղոտ ու չաղ «բայց»: Եւ հենց այդ «բայցն» է պատկերված վերը նշված լուսանկարում: Եւ ուրեմն. 2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստան էր ժամանել այն ժամանակ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Նրան օդանավակայանում դիմավորել էր նույն այդ հանձնաժողովի մյուս համանախագահ Սերժ Սարգսյանը: Դիմավորման արարողության ժամանակ, ինչպես երեւում է լուսանկարից, Կլեբանովը սեղմում է հենց Արմեն Մովսիսյանի ձեռքը: Վերջինս այն ժամանակ էլ ՀՀ էներգետիկայի նախարարն էր ու նաեւ այդ հանձնաժողովի առանցքային անդամներից մեկը: Եւ գիտե՞ք, թե ինչու էր ժամանել Կլեբանովը: Հենց «Գույք պարտքի դիմաց» գործարքի մանրամասները ճշգրտելու: Իսկ գործարքը մշակվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Մի խոսքով, «Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայրերն էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարապես եւ այդ գործարքի կնքմանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հենց Արմեն Մովսիսյանը: Ու այս ամենից հետո Արմեն Մովսիսյանը բավական հեգնական տոնով քննադատում է նաեւ իր անմիջական մասնակցությամբ կնքված գործարքը: Եւ ուրեմն, ինչ եզրահանգումներ կարող ենք անել Մովսիսյանի ասածներից: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Արմեն Մովսիսյանին նախարար է նշանակել հենց Քոչարյանը եւ այստեղ կան բարոյական նրբություններ: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ եթե այդ գործարքը Մովսիսյանի տեսանկյունից այդքան վատն է եղել, նա պետք է հրաժարական տար ու հրապարակավ քննադատեր, մինչդեռ ժամանակին գովասանքներով է խոսել դրա մասին: Սա էլ է բարոյականության հարթությունից, ինչը մեր գործող իշխանավորների դեպքում իմաստ չունի քննարկել: Առավել կարեւոր է այլ հարց: Երբեմն թյուր կարծիքներ են հնչում, որ եթե Քոչարյանի մտքին «ետ վերադառնալն է», ապա գործող պետական համակարգը շատ արագ «կֆռա» նրա կողմը: Մովսիսյանը եւ այս օրերին Քոչարյանին հեգնող ու քլնգող մյուս բոլորը, ովքեր ժամանակին առիթը բաց չէին թողնում նրան գովաբանելու ու փառաբանելու համար, ապացուցում են, որ իրենք ծառայել են եւ կշարունակեն ծառայել միայն գործող առաջին դեմքերին: Իսկ միֆերը, թե այս կամ այն նախկին նախագահն իր հեղինակության կամ երբեմնի սարսափազդու համբավի շնորհիվ կարող է իշխանական ապարատում ցնցումներ առաջացնել, վաղուց արդեն անցյալ են: Նույն հաջողությամբ Արմեն Մովսիսյանը վաղը` Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո սուր քննադատության կենթարկի «Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքը», եթե շարունակի պաշտոնավարել եւ այդպես պետք լինել իր նոր շեֆին: Այսօր մեր այսպես կոչված «պետական համակարգը» մեծ մասամբ բաղկացած է հենց այսպիսի արմենմովսիսյաններից:

Մանրամասնները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here