ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով։ Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» և «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ: Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում։ Բացի այդ, ՀԾԿՀ-ն, ընկերության հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն, մոնիթորինգ է իրականացրել «Դիլիջան» էլեկտրական ցանցում։
Ստուգումների արդյունքում հանձնաժողովը հունիսի 10-ին վարչական վարույթ է հարուցել։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև՝ կնիքները, թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքները ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները, էլեկտրոնային հաշվիչներով հաշվառվող 61 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսերի գրանցման փոխարեն, 2020 թվականի մայիսի 1-3-ի ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների առկա ցուցմունքները: Թվով 48 էլեկտրոնային հաշվիչներ ներառված են եղել էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, իրենց 7 ցուցատախտակի վրա ունեցել են նախորդ ամսվա ծախսը ցուցադրող համապատասխան տող, սակայն չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը։
Արձանագրված հենց այս խախտումների հիման վրա էլ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, ինչպես նաև պարտավորեցնել վերացնել արձանագրված թերությունները։
ՀԷՑ-ը չի վիճարկում խախտումների փաստը, սակայն ամեն բան բարդում է կորոնավիրուսի և վիրուսով պայմանավորված իրավիճակի վրա։ Օրինակ՝ հաշվիչների սեղմակաշարերի վերաբերյալ ՀԷՑ-ից պարզաբանում են, որ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման արդյունքում պարբերաբար վնասվում են հաշվիչների սեղմակաշարերը, և ընկերությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների փոխարինում, սակայն 2020 թվականին հանրապետությունում առկա համաճարակով պայմանավորված՝ կափարիչների տեղադրման աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցված են։
Ինչ վերաբերում է հաշվիչների ցուցմունքներին, ապա, ըստ ՀԷՑ-ի, 2016 թվականից ընկերության ստորաբաժանումներին հանձնարարված է յուրաքանչյուր ամսվա սկզբին հաշվիչների ցուցմունքների գրառմանը զուգընթաց հայտնաբերել նաև ժամային շեղում ունեցող հաշվիչները և ծրագրավորիչների միջոցով արագ կազմակերպել դրանց ուղղումը, սակայն հաշվիչների մարտկոցների տեխնիկական վիճակից ելնելով՝ լարման անջատումների և վերականգնման արդյունքում որոշ հաշվիչների վերոնշյալ խնդիրը, նույնիսկ բազմակի ուղղումների արդյունքում, պարբերաբար ի հայտ է գալիս:
«Յուրաքանչյուր ամսվա առաջին երեք օրերի ընթացքում՝ հաշվիչների ցուցմունքների գրանցումից հետո, ստուգողական ծրագրերի միջոցով կատարվում է սպառողների նախնական ծախսերի կրկնակի ստուգում, ուղղումները կատարվում են մինչև հաշվետու ամսվա բաժանորդական բազաների ամփոփումը: Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ կապված կրկնակի ստուգումների գործընթացը լիարժեք չի իրականացվել, և մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հաշվիչների ցուցմունքների ֆիքսման բլանկներում արձանագրված առևտրային հաշվիչների ծախսերի կամ ցուցմունքների անհամապատասխանությունները կուղղվեն, որոնք կարտացոլվեն մայիս հաշվետու ամսվա վճարման փաստաթղթերում»,- պարզաբանեցին ՀԷՑ-ից։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: