տուն Uncategorized Հերթական ողբերգական դեպքը բանակում. ՊՆ-ի ԳՇ-ի միջև ներքին տարաձայնության հետքերով.«Ժողովուրդ»

Հերթական ողբերգական դեպքը բանակում. ՊՆ-ի ԳՇ-ի միջև ներքին տարաձայնության հետքերով.«Ժողովուրդ»

178
0

«Ժողովուրդ»-ը գրում է.

« Հայկական բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին, ինչը խիստ մտահոգության տեղիք է տալիս: Փետրվարի 9-ին հերթական բոթը լսեցինք. ժամը 07:45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Պետրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորի հանկարծամահ լինելու մասով ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ») հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Իրավապահները տեղեկություններ ունեն, որ զինվորը դեպքից երկու օր առաջ դիմել է զորամասի բուժկետ եւ հայտնել, որ իրեն լավ չի զգում, սակայն զորամասի բուժկետում հերքում են այդ տեղեկությունները, եւ անգամ զորամասի գրանցամատյանում չկա որեւէ գրառում, որ զինվորը դիմել է բուժկետ:

Ավելին, իրավապահները պարզել են, որ զորակոչվելիս զինվորը որեւէ սահմանափակում չի ունեցել, ասել է թե՝ առողջական որեւէ խնդիր չի ունեցել՝ ըստ պաշտոնական բժշկական եզրակացության: Այսինքն՝ պաշտոնապես առողջ երիտասարդը բանակում խնդիր է ունեցել, դիմել է բուժկետ, անուշադրության է արժանացել ու հանկարծամահ եղել: Սա ենթադրում է կոնկրետ պատասխանատուների պատասխանատվություն՝ ամենախիստ ձեւով: Անտարբերությունը քանդում է ամեն ինչ»: