Այսօր Ռուսաստանում տեղի է ունեցել հերթական պայթյունը, որն արդեն որակվել է որպես ահաբեկչություն։ Նախնական տեղեկություններով՝ այն գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Կայարանի դիմաց տեղադրված տեսախցիկները ֆիքսել են ահասարսուռ այդ ահաբեկչությունը։
Տարբեր տեղեկություններով՝ Վոլգոգրադի երկաթուղային կայարանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասնութ մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է։ Այս մասին մասնավորապես հաղորդում է «Ռոսիա 25» հեռուստաալիքը։
Կայարանի մոտ հավաքվել են շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ, մարդիկ տարհանվել են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Երկու օր առաջ հզոր պայթյուն էր որոտացել Պյատիգորսկում, որի ժամանակ զոհվել էր երեք մարդ։ Թեպետ պետական և իշխանամետ լրատվամիջոցները փորձում են քիչ անդրադառնալ այս միջադեպերին, այդուհանդերձ որոշ մասնագետներ պայթյունները որակում են ահաբեկչական ակտեր, որոնց նպատակն է Սոչիի օլիմպիական խաղերի տապալումը, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի նվազեցումը։