Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հրաժարվել է մեկնել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։ Հիշեցնենք, որ Բաշիրի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը հետախուզում է հայտարարել։ Նա մեղադրվում է 2003-ին Դարֆուրում իրականացված ցեղասպանությունը կազմակերպելու մեջ։ Այս մասին հաղորդում է France Presse-ն։
«Արարողակարգի ծառայությունը հաստատել է, որ Սուդանը չեղյալ է հայտարարել Օմար Բաշիրի ելույթը Գլխավոր Ասամբլեայում», — գործակալությանն ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջերոմ Բերնարդը։
Բաշիրի ելույթը նախատեսված էր սեպտեմբերի 26-ին, սակայն նրա փոխարեն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Սուդանի արտաքին գործերի նախարարը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը, թեպետ և պարտավոր է ՄԱԿ-ի անդամ բոլոր ղեկավարներին մուտքի արտոնագիր տրամադրել ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար, սակայն այդ այցելությունն անցանկալի էր համարել։