տուն Քաղաքական Հայաստան Հեռավար կրթությունը՝ նոր հնարավորությունների շղթա

Հեռավար կրթությունը՝ նոր հնարավորությունների շղթա

376
0
ONLINE EDUCATION CONCEPT

Ցանկացած իրավիճակ նոր հնարավորությունների ու գաղափարների ստեղծման  լավ առիթ է:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրապետության կրթական համակարգը հարկադրված անցավ հեռավար կրթության: Մեր կրթական գործընթացում այն նորարարություն էր` անցումը հստակ, անելիքները`շատ, իսկ բացթողումները լրացնելը` ժամանակի հարց: Այն մի քանի քայլ առաջ էր մեր կրթության զարգացման տեսլականի ֆոնին:

Հեռավար կրթության անցումը հայաստանյան կրթական համակարգում կարող է բեկումնային լինել մի քանի առումներով:

Ստորև կետ առ կետ կներկայացնենք հեռավար կրթության ընձեռած լայն հնարավորությունները ապագա կրթական համակարգի, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանն ուղղված առնչություններում:

Հեռավար կրթությունը կարող է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կարևորագույն դերակատարում ունենալ։

Դրսում ապրող մեր այն հայրենակիցների համար, ովքեր մեծ ցանկություն ունեն բացառապես հայկական կրթություն ստանալ, հեռավար կրթությունը իդեալական մեթոդ կարող է հանդիսանալ: Եվ այս արդյունավետ տարբերակից կարող են օգտվել ինչպես դպրոցահասակ, այնպես էլ բուհական տարիքի երիտասարդները: Նմանօրինակ դասերի կազմակերպումը Հայրենիքի հետ սերտ շփումներ կապահովի`մեծացնելով Հայրենիքի դերը, կնպաստի  ազգային մշակույթի, պատմության նկատմամբ սփյուռքահայ նոր սերդի հանդեպ հետաքրքրությունները:

Հեռավար կրթությունը կարող է տնտեսական զարգացման համար խթան դառնալ։

Հայաստանում աշխատաշուկան՝ հատկապես կրթական բնագավառում բավականին ընդգրկուն է: Տարեկան հարյուրավոր երիտասարդներ ավարտում են, ստանում մանկավարժական որակավորում և մեծամասամբ նստում տանը կամ կատարում ոչ մասնագիտական աշխատանք: Հեռավար ուսուցման հետագա ներգործությունը մեր կրթական գործընթացում կկարողանա նաև այս հարցի լուծման համար նախադեպային լինել: Դպրոցներում ու բուհերում աշխատող ուսուցչական ու դասախոսական կազմերի համար հեռավար ուսուցումը կարող է հավելյալ գումար վաստակելու հնարավորություն լինել:

Հեռավար կրթությունը կարող է բիզնեսային գործունեության հիմք հանդիսանալ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր սեկտորի համար։

Կրթության այլընտրանքային այս տարբերակը ժամանակակից զարգացման ռիթմի արդյունավետ միջոցներից է: Մենք այս ընթացքում հասկացանք, որ մի քանի քայլ առաջ ենք անցել, և մեր կրթության կազմակերպման գործընթացն այս առումով բավականին մեծ հաջողություններ գրանցեց: Եվս մեկ անգամ պետք է նշել, որ առկա տեխնիկական մի շարք խնդիրներ շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի շտկել:

Պատկերացրեք, եթե Հայաստանում ստեղծվեն օնլայն դասարաններ կամ ինչու ոչ՝ դպրոցներ: Վստահաբար կարող ենք ասել, որ մոտ ապագայում այս ամենը կդառնա իրականություն: Օրինակ` օնլայն դասարանները բիզնեսի համար նոր հարթակ կարող են լինել ու շատ կարճ ժամանակամիջոցում կկարողանան հավասարապես մրցակցել հանրակրթական դպրոցների հետ:

Հեռավար կրթությունը իդեալական հնարավորություն է հատուկ խնամքի կարիք ունեցող խմբերի համար։

Կրթական նորարարական մեթոդը, բացի նրանից, որ կարող է շղթայական հնարավորություններ ընձեռել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, տնտեսական և բիզնեսի զարգացման ուղղություններում, կարող է կրթություն ստանալու խթան հանդիսանալ նաև հաշմանդամություն ունեցող և ֆիզիկական խնդիրներից ելնելով՝ մշտապես տան պայմաններում գտնվող խոցելի խմբերի համար: Կրթության հեռավար տարբերակը մարդու կրթություն ստանալու հիմնարար իրավունքը պաշտպանելու համար անքակտելի իրողություն է:

Այսպիսով, թագավարակով պայմանավորված՝ կրթական գործընթացում հեռավար ուսուցումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության ուսումնական պլանում: Եվ մենք բոլորս էլ այս կարճ ժամանակահատվածում գիտակցում ենք, որ նորագույն տեխնոլոգիաները մեզ հնարավորություն տվեցին հնարավորինս պահպանել կրթական գործընթացի կազմակերպումը, որի բացակայությունը հավելյալ խառնաշփոթ ու կրթական ճգնաժամ կառաջացներ` ընդգրկելով ամբողջ հանրապետությունը:

Հայկ Մագոյան