Այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն ու ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին 4 ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ:
«Ես իրատես եմ եւ գիտեմ, որ հենց գա անուններ տալու ժամանակը՝ արդեն իրար ուտելու են և մինչև ընտրություններ էլ չեն հասնի, քանի որ քարուքանդ են լինելու։ Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, հիմա մտել են համագործակցության մեջ և ցանկացած կառավարության ծրագրի դեմ են քվեարկում։ Խնդիրը նրա մեջ է, որ մեր հարգարժան գործընկերները առաջարկություն ներկայացնեն, ասում են մարդուն փոխենք, չեն ասում՝ ինչ անենք»,- ասում է Վարդան Այվազյանը:
Միքայել Մելքումյանը ասաց, որ իրենք ուզում են, որպեսզի կառավարման համակարգը լինի մարդկային, և եթե ողջամիտ առաջարկ են անում, քննարկեն ու ընդունեն, ոչ թե մերժեն։
«Ես ինքս դեմ եմ տարբեր տիպի պայթունավտանգ միջոցառումներին։ Մենք ասում ենք՝ պետք է խաղաղ փոփոխություն, մեր նման երկրի համար չենք կարող մեզ թույլ տալ նման շռայլություն»,- ասաց Մելքումյանը։