Այսօր Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, անդրադառնալով որոշ երթուղիների վատ աշխատելուն, ասել է, որ ամեն տարի այս ամսին, իսկ այս տարի հատկապես, ուղեւորաքանակը սարսափելի պակասում է, ինչի հետեւանքով որոշ երթուղիներ, օրինակ՝ 30 համարի ավտոբուսը, հրաժարվել է սպասարկել և այժմ այդ երթուղին սպասարկում են Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսով:
«Մեքենաները քիչ են, բայց կան, իսկ մեքենաների քիչ լինելը պայմանավորված է վարորդների քչությամբ: Որոշ գծեր կարող է լավ չաշխատեն, որովհետեւ մեքենաները պակաս են, թերբեռնված են աշխատում, իսկ վարորդները, տեսնելով, որ ուղեւոր չկա՝ դուրս չեն գալիս աշխատանքի»,-News.am-ին հայտնել է Հենրիկ Նավասարդյանը:
Սակայն, ի տարբերություն Հենրիկ Նավասարդյանի պնդման, թե որոշ գծեր կարող է լավ չաշխատեն, այդ որոշ գծերն ընդհանրապես չեն աշխատում: Երեկոյան ժամերին, հատկապես 20:00-ից հետո, ընդհանրապես չեն աշխատում 1, 22 և 37 համարների ավտոբուսները, մեկժամյա պարբերությամբ է աշխատում 38 համարի երթուղայինը և այլն: Ու սա, ընդամենը, այդ ժամերին մեկ կանգառում կատարված ուսումնասիրության արդյունքն է:
Հենրիկ Նավասարդյանը ակնհայտորեն ստում է, ասելով, թե աշխատում են, բայց լավ չեն աշխատում: Սա կոչվում է ընդհանրապես չաշխատել: Իսկ այսպիսի ցուրտ եղանակին՝ սա ոչայլինչ է, քան՝ տրանսպորտային տեռոր քաղաքացիների նկատմամբ: «Վատ աշխատել» կարելի է որակել, եթե երթուղայինը ուշանում է 5 րոպե, կամ մոտենալու պարբերությունը 5 րոպեով մեծացվում է, սակայն սա կոչվում է ուղղակի շանտաժ՝ տրանսպորտի ապագա թանկացումը հիմնավորելու համար: Եվ այդ մասին չի զլանում խոսել հենց ոլորտի պատասխանատու հանդիսացող Հենրիկ Նավասարդյանը:
Նա, որպես արդարացում, նշում է, որ ուղևորահոսքերը պակասել են, այդ իսկ պատճառով, վարորդները տեսնելով, որ ուղևոր չկա՝ դուրս չեն գալիս: Այստեղ ուշադրության է արժանի Նավասարդյանի այն արտահայտությունը, որ վարորդները դուրս չեն գալիս աշխատանքի: Այսինքն սա ուղղակի խոստովանություն է, որ վարորդների ամսական վարձատրության մեխանիզմ գոյություն չունի, այլ գործում է օրական պլանների համակարգ, իսկ վարորդները, տեսնելով, որ չեն կարող վճարել այդ գումարները՝ դուրս չեն գալիս աշխատանքի: Հակառակ դեպքում հաստատուն ամսական աշխատավարձ ստացող վարորդի համար որևէ նշանակություն չպետք է ունենար ուղևորների քանակը:
Սա ենթադրում է, որ Հենրիկ Նավասարդյանի վերահսկողության տակ գտնվող ոլորտը գործում է անօրինական դաշտում, և այդ նույն անօրինական գործունեության տրամաբանության մեջ էլ վերջինս փորձում է արդարացնել տրանսպորտի վատ վիճակը: Նա կարծես մոռանում է, որ ուղևորափոխադրողներն ունեն պայմանագրային պարտավորություններ և դրանք պարտավոր են կատարել՝ անկախ ուղևորների թվաքանակից, կամ հրաժարվել տվյալ երթուղուց:
Հենրիկ Նավասարդյանը նաև կարծես չի հասկանում, որ եթե որևէ երթուղի չի ունենում բավական թվով ուղևորներ, ապա դա վկայում է այն մասին, որ երթուղին սխալ է գծված, ինչի մեղավորությունը բացառապես քաղաքապետարանինն է:
Այսպիսով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը իր պատասխաններով փաստել է, որ Երևանի քաղաքապետարան և տրանսպորտային վարչություն գոյություն չունի, իսկ ինքը մատնված է հանցավոր անգործության: