Կառավարության վաղվա նիստում փոփոխություններ կկատարվեն 2014 թվականի պետական բյուջեում, որով Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված մի դրամաշնորհային համաձայնագիր կներառվի բյուջեի ծախսային ու եկամտային մասերում: Խոսքը 92 մլրդ 450 մլն դրամ արժողության «Հայաստանի գյուղատնտեսական հաշվառման պիլոտային ծրագրի համար վիճակագրական կարողությունների զարգացման և իրականացման աջակցման» դրամաշնորհային ծրագրի մասին է:
«Որոշման կիրարկումը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա ուժեղացնել ազգային վիճակագրական ծառայության կարողությունները, խթանել փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակմանը գյուղատնտեսության ոլորտում և աջակցել փորձնական գյուղատնտեսական հաշվառման ծրագրի իրականացմանը»,- ասվում է համապատասխան որոշման նախագծի հիմնավորման մեջ: