տուն Տնտեսական ՀԲ-ն հաստատել է 40 միլիոն դոլարի վարկ Հայաստանի համար

ՀԲ-ն հաստատել է 40 միլիոն դոլարի վարկ Հայաստանի համար

256
0

ՀԲ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն, այսօր՝ հուլիսի 3-ին, հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը եւ հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարեւորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի եւ Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է, եւ վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230 կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչեւ Շինուհայր ենթակայան: Այս ներդրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները եւ դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները:

«Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, — արդյունքում հնարավոր կլինի խուսափել հոսանքի ընդհատումների հաճախակիացումից, որը զգալի սոցիալական ու տնտեսական ծախսեր է առաջացնում»:

Տրամադրվող ֆինանսավորումն ուղղվում է ներդրումային կարիքների շարքում առաջնայնություն ստացած ենթակառուցվածքներին: Պահանջվում է «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցում ու ընդարձակում, ինչը հույժ կարեւոր է Երեւանի արեւմտյան մասի բաշխիչ ենթակայանների ու սպառողների համար հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: «Չարենցավան-3» եւ «Վանաձոր-1» ենթակայանները սպասարկում են Հայաստանի հյուսիսային ու հյուսիս-արեւելյան հատվածի բնակիչ-սպառողներին ու խոշոր արդյունաբերական սպառողներին: «Չարենցավան-3» ենթակայանը նաեւ գործում է որպես փոխանցող կայան՝ 6 այլ ենթակայանների համար:

Այս երեք ենթակայանների վերակառուցման եւ ընդարձակման աշխատանքներին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ: Կառույցների մի շարք առանցքային հատվածների եւ հիմնական սարքավորումների շահագործման ընդունված ժամկետները վաղուց անցել են եւ դրանց հաճախակի խափանումները կարող են հանգեցնել զգալի բացասական հետեւանքների: Մասնավորապես՝  որոշ ենթակայաններում կան սարքավորումներ, որ մոնտաժվել են դեռեւս 1930-ականներին ու երբեւէ չեն թարմացվել:

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կատարելագործվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կարողությունները, եւ այս ընկերությունը կշարունակի մնալ որպես իրականացնող կառույց նաեւ այս փուլում, — ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը, — սա կարեւոր է իրականացման արդյունավետության եւ նոր ներդրումների կենսունակության ապահովման համար»:

Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի եւ նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաեւ այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետեւյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան եւ 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: