Հայաստանի բանկային համակարգը դրված է ամուր հիմքերի վրա և արագ զարգանում է, սակայն մեծության, արդյունավետության և նորարարության առումով այն դեռևս զիջում է համեմատելի երկրների մեծ մասին: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի կողմից օրերս հրապարակված «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն և միակցելիություն» զեկույցում:
Սա ուշագրավ է այն առումով, որ նախկինում միշտ մեր բանկային համակարգը համարվել է տարածաշրջանում լավագույններից մեկը: Օրինակ՝ 2013 թ. համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը բանկային գործունեության ցուցանիշով 144 երկրների շարքում զբաղեցնում էր 51-րդ տեղը և այդ առումով, Էստոնիայից բացի, շրջանցել էր բոլոր համեմատելի երկրներին:
Այս զեկույցում փաստացի այլ բան է նշված: Այսպես, մասնավոր հատվածի կողմից տնտեսության վարկավորումը Հայաստանում 2012 թ. կազմել է մոտ 32%՝ զգալիորեն զիջելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) 41.9% միջին ցուցանիշին: Ընդ որում՝ վարկավորումն ըստ մարզերի և Երևան քաղաքի շատ անհամաչափ է: Երևանում բնակվում է Հայաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը, սակայն իրականացվում է բանկային վարկավորման երկու երրորդն ու վարկային կազմակերպությունների վարկավորման 56%-ը: