forrights.am -ը գրում է․
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Վահե Մելոյանն արդեն 3 ամիս է՝ սեպտեմբերի 2-ից հացադուլ է անում․ «Իմ տեղը շուն լիներ վաղուց սատկել էր»,-ահա այսպես բնորոշեց իր վիճակը կալանավորը։
«Դատապարտյալների Հիվանդանոց » ՔԿՀ-ում հանդիպեցինք Վահեին, ում տեսակցությունների սենյակ բերեցին անվասայլակով՝ դժվարանում էր քայլել, ինչպես նաև անտանելի ցավեր ուներ․ 90-օրյա հացադուլն անհետևանք չի մնացել։
Նա ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Վահեն պատմեց, որ հրաժարվել է իր փաստաբանից, քանի որ ըստ իրեն՝ փաստաբանն ավելի շատ քննիչին էր պաշտպանում քան Վահեին։
«Գրիչն էլ ա իրանց ձեռքն ամեն ինչն էլ՝ ինչ ուզել գրել ջնջել են»,-ասաց նա, պնդելով, որ դեպքի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տանն է եղել․ «Էնտեղ չեմ եղել՝ ո՞նց կարամ ձեզ բան պատմեմ»։
Դիմում բողոքներ Է գրել Դատախազությանը, Քննչական մարմիններին, սակայն ոչ մի արձագանք՝ միայն երբ Արմավիր ՔԿՀ-ում է եղել՝ եկել են և հորդորել՝ «հացադուլից դուրս արի, լավ կլինի»։
Հատկանշական է այն հանգամանքը, որ ավազակային հարձակման զոհ դարձած կինը դեպքից մեկ ամիս անց է Վահեի դեմ ցուցմունք տվել։ Ցուցմունքի մեջ հայտնել է այնպիսի մանրամասներ, որոնք Վահեն անհիմն և հորինված է համարում․
«Ես էդ տուն գնացել եկել եմ․ ցուցմունք է տվել, թե իբր սկոճով կապել եմ, ծեծել, իսկ տնից դուրս գալուց էլ մասկես հանել ու ասել եմ․ «ինձ չհիշեցի՞ր»։ Ես գիժ եմ, ի՞նչ եմ՝ գնամ ռազբոյի, մասկես հանեմ ասեմ՝ ինձ չհիշեցի՞ր։ Լավ, համարենք էդպես ա եղել՝ մինչև դեպքը իրանք ինչ ճանաչել են, խի չի դեպքի հաջորդ օրը ցուցմունք տվել, որ ամիս ու կես հետո ա ցուցմունք տվել»,-վրդովված հարցնում էր Վահեն, մանրամասնելով, որ դատաբժշկական բոլոր փորձաքննությունները մաքուր են եկել՝ իրենից ոչ մի հետք չի եղել։
«Թուք, արյուն, մազ՝ բոլորը մաքուր է եղել։ Ես հո Վանգան չեմ, էքստրասենս եմ ինչ եմ, որ մաքրեմ հետքերը։ Ինչ ա նախկինում դատված եմ՝ դա հիմք են ընդունում»,-ասաց նա։
Սույն թվականի Հունվարի 15-ից կալանքի տակ գտնվող Վահե Մելոյանը նման երկարաժամկետ հացադուլի է դիմում արդեն երկրորդ անգամ՝ նախորդ՝ 50-օրյա հացադուլը դադարեցրել էր հունիսի 19-ին։
Վահե Մելոյանն արդեն 1 ամիս է գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Այս մեկ ամսվա ընթացքում ինքնավնասման երկու փորձ է արել, իսկ օրեր առաջ էլ փորձել է ինքնասպան լինել՝ սավանից կախվելու միջոցով․
«104 կիլո մտել եմ հացադուլ 62 հազիվ լինեմ, հասկանում եք, ավելի լավ ա ես հիմա իմ կյանքին վերջ տամ, քան թե շան պես 20 օրից տանջվելով մեռնեմ»,-ասաց նա։
ՀԳ․ Վահե Մելոյանը հրաժարվեց, որպեսզի տեսանյութում իր դեմքը երևա։
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի
Մանրամասները՝ տեսանյութում․