տուն Քաղաքական Հայաստան Հարցազրույց Յուրի Բախշյանի թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ

Հարցազրույց Յուրի Բախշյանի թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ

3523
0

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը: Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանի թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ մեր ունեցած հարցազրույցը:

Արփի, Դուք հնարավորություն եք ունեցել Ձեր մանկության որոշ ժամանակահատվածն անցկացնել պարոն Բախշյանի հետ: Պապիկի ու սիրելի թոռնուհու զրույցներից ո՞ր դրվագն է տպավորվել Ձեր մեջ:

Ցավոք, մանկությանս այն հատվածում, երբ պապիկս մեզ հետ էր, ես խոսել նոր էի սովորում։ Պապիկի հետ զրույցները հիմնականում իրենց թութակի մասին էին։ Ճիշտն ասած՝ ես այդ ժամանակ այնքան էլ հետաքրքիր զրուցընկեր չէի, բայց պապիկն առանց հոգնելու ամեն անգամ կատարում էր թութակով հիանալու մեր ռիտուալը։ Վերջերս պարզեցի, որ պապիկը գյուտ ունի տրանզիստորների վերաբերյալ։ Այդ մասին շատ կուզեի իրենից իմանալ… Շատ կուզեի խոսել հետը ֆիզիկայից, մաթեմատիկայից, երաժշտությունից, այդ ժամանակների համար՝ իր չափազանց առաջադեմ հայացքներից։ Հիմա պապիկիս համար ավելի հետաքրքիր զրուցընկեր կլինեի… ափսոս չհասցրի։

Եթե փորձեք վերապրել հոկտեմբերի 27-ը, ապա կասե՞ք, թե ինչպես իմացաք Ձեր պապիկի կորստի գույժը:

Ես բավականին ուշ եմ իմացել այդ մասին. ծնողներս ինձ համար անհոգ մանկություն են ապահովել։ Հիշում եմ, որ երբ հարցնում էի, թե պապիկս ուր է, ինձ ասում էին՝ պապիկը այգում է, հիմա ուր որ է կգա։ Իսկ ես նեղանում էի պապիկից, որ էլ ինձ հետը այգի չի տանում… Հետո իմացա, որ «չար մարդիկ» սպանել են պապիկիս։ Երևի 5 տարեկան էի արդեն։ Այդ օրը շատ լավ եմ հիշում։ Այդ ժամանակ շատ հարցեր առաջացան մեջս։ Ու հարցերից շատերը մինչ օրս պատասխաններ դեռ չեն ստացել։ Բայց ես հավատում եմ, որ մի օր՝ միգուցե ոչ շատ հեռու ապագայում, այդ հարցերը կստանան իրենց պատասխաններն ու տեղ կգտնեն պատմության դասագրքերում։ Ես հավատում եմ, որ տեռորիստական այդ ակտի բոլոր մեղավորները, աջակիցներն ու հովանավորները կպատժվեն պետականության դավաճանության համար, ինչպես նաև այն բանի, որ ինձնից ու իմ 6 քույր-եղբայրներից խլեցին մեր պապիկին:

Ձեր կարծիքով, եթե չլիներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, ապա տեղի կունենա՞ր արդյոք 1918 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Ես քաղաքագետ չեմ ու վերլուծություններից ձեռնպահ կմնամ։ Բայց մի բան շատ պարզ է. Հոկտեմբերի 27-ը ճակատագրական հետևանքներ ունեցավ մեր պետականության համար ու վտանգի տակ դրեց մեր անկախությունը։ Կարծում եմ ՝ Հոկտեմբերի 27-ը մեկնարկ էր անպատժելիության ժամանակաշրջանի ու մի շարք շատ արատավոր երևույթների, որոնք, ի վերջո, մարդկանց դուրս բերեցին փողոցներ և հանգեցրին հեղափոխության: Այլ հավասար պայմաններում, եթե չլիներ 27-ի տեռակտը, մենք կապրեինք այլ իրականությունում, որտեղ, թերևս, հեղափոխության կարիք չէր լինի։

Ձեր տատիկը` Անահիտ Բախշյանն ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել և ծավալում է: Երբևիցե քաղաքականություն մուտք գործելու ցանկություն ունեցե՞լ եք:

Տատիկս հզոր կին է։ Երբ լսում եմ տատիկիս խոսքը պապիկի հուղարկավորության օրը, երբ դեռ աճյունը դրված էր օպերայի բակում, ամեն անգամ ապշում եմ այդ կնոջ ուժի ու սթափ մտքի վրա։ Ես, չնայած շատ հարցերում տատիկիս հետ նմանությանը, ինձ այդքան ուժեղ չեմ համարում։ Հուսով եմ՝ կյանքը չի ստիպի ինձ նման ծանր բեռ վերցնել ուսերիս։ Քաղաքականությամբ զբաղվելու պլաններ չունեմ։

Զրուցեց Օլյա Շահինյանը

Աժ փոխնախագահ Յուրի Բախշյանը թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ:
Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն իր թոռնուհու՝ Արփի Հարությունյան-Բախշյանի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here