Oգոստոսի 24-ին «Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը՝ հղում անելով Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին։
Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս։
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանն էլ հայտնել է, որ ԱԻՆ հակահրդեհային վարչությունում նյութեր են նախապատրաստվում Դատախազություն ուղարկվելու համար։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել էր մարել միայն հաջորդ օրը՝ լուսադեմին։ Ընդհանուր առմամբ` հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր 19 մարտական հաշվարկ։