տուն Հասարակություն Իրավական Հարություն Մաշադյանի շուրջ արհեստականորեն կրքերի բորբոքման հերթական փորձն է կատարվում

Հարություն Մաշադյանի շուրջ արհեստականորեն կրքերի բորբոքման հերթական փորձն է կատարվում

356
0

Երևանի կայազորի դատախազության ավագ դատախազ Հարություն Մաշադյանի շուրջ արհեստականորեն կրքերի բորբոքման հերթական փորձն է կատարվում՝ բացարձակ անհիմն և խաղալով դատախազների աստիճանակարգության համակարգից լայն հանրության անտեղյակության վրա:

Իսկ իրականությունը չափից դուրս պարզ է. Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ էր. պաշտոն, որը գտնվում է դատախազության պաշտոնների դասակարգման ամենացածր մակարդակում։ Այս տարվա փետրվարի 10-ին նա նշանակվել է Երևանի կայազորի դատախազության ավագ դատախազ, որը ևս գտնվում է դասակարգման նույն՝ ստորին սանդղակում:

Ընդ որում՝ Հարություն Մաշադյանը դատախազության համակարգ է ընդգրկվել 2018թ․մարտի 7-ին՝ նշանակվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2019թ. փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Եվ առավել քան օրինաչափ է, որ դատախազը մոտ երկու տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելու պայմաններում, օրենքի տառին լիարժեք համապատասխան, կարող է աստիճանակարգության նույն մակարդակի սահմաններում պաշտոնային նման փոխադրում ունենալ, ընդ որում՝ շարունակելով ունենալ դատախազության տվյալ խմբի պաշտոնին համարժեք ամենացածր՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:

Լուն ուղտ դարձնելու և մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու անիմաստ և անհաջող փորձերի փոխարեն «Ժամանակ» թերթի հարգելի գործընկերներին հորդորում եմ ինչ-որ բան գրելուց առաջ նախ պարզել՝ որքանով է իրենց հայտնագործած «սենսացիան» իրավաչափ և որքանով է բխում օրենքից: Կարող եմ անգամ հուշել՝ բացե՛ք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 44-րդ հոդվածները,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: