Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նոր դիտեցի Մարգարիտ Եսայանի և Վարդան Այվազյանի երեկվա «վրդովմունքը» ԱԺ-ի նիստում «որոշ» պատգամավորների ակտիվության հետ կապված: Հարկ եմ համարում կրկնելով հիշեցնել տկն Եսայանին և նրա գործընկեր պրն Վարդան Այվազյանին, որ իրենք ԸՆՏՐՎԱԾ պատգամավորներ ՉԵՆ: ՀՀ բնակչության մի մասին կաշառք տալու միջոցով և մեկ մարդու կամքի շնորհիվ նրանք ուղղակի փողով գործի են ընդունվել՝ այդ ընթացքում ոտնահարելով ՀՀ մի շարք օրենքներ և քաղաքացիների իրավունքներ: Միևնույն ժամանակ համամիտ եմ Վարդան Այվազյանի այն մտքի հետ, որ իրենք պատանդ չեն, իրոք՝ այսօր ՀՀ քաղաքացիներն են պատանդ իր գործընկերների ձեռքում:
Չեմ ցանկանում շարունակել բարձրաձայնել բոլորին հայտնի իրողությունները, ուղղակի նշեմ, որ մատնանշված «որոշ» պատգամավորները, այն է՝ Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, հանդիսանում են Հայ ժողովրդի մի ստվար զանգվածի կողմից ԸՆՏՐՎԱԾ ներկայացուցիչներ: Ուստի կոչ եմ անում չխանգարել պատգամավորներին իրականացնելու իրենց աշխատանքը, նույնիսկ սեփական գործատուին հաճոյանալու համար, իսկ անեկդոտներ պատմել ՀՀԿ խմբակցությունում, քանզի շրջանառվող անեկդոտների հերոսների մեծ մասը հավաքված են հենց այդ խմբակցությունում: