«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնում է առցանց քննարկում՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաեւ 2020թ. «Ավրորայի» հերոսների անունները:
Առցանց քննարկման բանախոսներն են Նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի առաջին` 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի է ունենում Futures Studio քննարկումների հարթակում, որը վարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը: