Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը Հայաստնում երեք նախաձեռնություն է իրականացրել, որոնց ծանոթանալու համար այսօր լրագրողների համար ճանաչողական այց է կազմակերպվել: Նախաձեռնություններից մեկը վերաբերում է Երևանում գործող սնեկերի (չիպսեր, չորահաց) արտադրությանը, երկրորդը՝ «Էրզրում» ռեստորանին, երրորդը՝ «Վահան Խաչատրյան և ընկերներ» ՍՊԸ-ին, որն զբաղվում է հացի փռի արտադրությամբ:
Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:
Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով՝ ֆինանսական հաստատությունների միջոցով: Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար` Հիմնադրամն աջակցում է տեղական ֆինանսական ինստիտուտներին՝ բարձրացնելու իրենց հնարավորությունները համապատասխան կայուն ֆինանսական միջոցներ ապահովելու գործում:
Հիմնադրամի ներդրումային գործունեության աջակցության նպատակով, վերջինիս հատուկ զարգացման ընկերությունը օգնում է գործընկեր ֆինանսական ինստիտուտներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն նշված վարկավորման ոլորտներում գործնական ունակությունների և կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով:
Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ եվրոյի մոտ 470.000 վարկ:
Հիմնադրամի տարեկան ժողովը տեղի կունենա Երևանում՝ հունիսի 18-ին: