Հունիսի 18-ին Երևանում գումարվելու է EFSE (Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամ) հիմնադրամի տարեկան ժողովը: Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունում: Միջոցառմանը նախորդելու է հունիսի 17-ին կազմակերպվող EFSE հիմնադրամի գործունեության արդյունքները ներկայացնող ճանաչողական այցը, որի ընթացքում ներկայացվելու են ծրագրի շրջանակում Երևան քաղաքում ֆինանսավորված երեք նախաձեռնություն:
Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի նպատակը Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելն է: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:
Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով՝ ֆինանսական հաստատությունների միջոցով: Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար` Հիմնադրամն աջակցում է տեղական ֆինանսական ինստիտուտներին՝ բարձրացնելու իրենց հնարավորությունները համապատասխան կայուն ֆինանսական միջոցներ ապահովելու գործում: Հիմնադրամի ներդրումային գործունեության աջակցության նպատակով, վերջինիս հատուկ զարգացման ընկերությունը, օգնում է գործընկեր ֆինանսական ինստիտուտներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն նշված վարկավորման ոլորտներում գործնական ունակությունների և կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով:
Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ: