Հարավային Կորեայի հավաքականը բողոքարկել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում կանանց գեղասահքի մենապարերի արդյունքները, որի ժամանակ ռուսաստանցի Ադելինա Սոտնիկովան դարձել էր օլիմպիական չեմպիոնուհի, իսկ հարավկորեուհի Կիմ Յո Անը՝ երկրորդն էր։ USA Today-ը երեկ հրապարակել էր սկանդալային մի տեղեկություն, որը հետագայում հաստատվեց, որ Սոչիի օլիմպիադայում գեղասահքի՝ կանանց ազատ ծրագրի մրցաշարից առաջ դատավորների կազմում տեղի է ունեցել երկու փոփոխություն. Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի դատավորներին փոխարինել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի դատավորները։
ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կորեացիները գրել են «բողոքարկող նամակ»։ Մարկ Ադամսն ասել է, որ նամակը չի կարող քննության հիմք հանդիսանալ։ Միայն չմշկավազորդների միջազգային կոմիտեն կարող է ընդունել նման որոշում, սակայն այդ կազմակերպությունում ասել են, որ կորեացիների կողմից բողոքարկման նամակ չեն ստացել։