«Այս պահի դրությամբ ունենք հաստատված 194 դեպք, եթե չեմ սխալվում 11 հոգու մոտ ախտորոշված է թոքաբորբ և նրանցից միայն 6-ն ունեն ինտենսիվ խնամքի կարիք: Ընդհանուր առմամբ մեծամասնության առողջական վիճակը գնահատվում է բավականին լավ, մեծամասնությունը նույնիսկ ջերմություն չունի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ գլխավոր պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ այս փուլում կարողացել են արդյունավետ կանխարգելել հիվանդության հետագա տարածումը:
«Որոշակի փոփոխություններ կլինեն ապագայում մեր քայլերի հաջորդականության մեջ: Աշխարհում տարբեր փորձեր կան, մինչև այս պահը մեր փորձը բավականին դրական է եղել և մենք նույնպես շարժվել ենք կանխարգելման ճանապարհով և այս ուղղությամբ նաև տարբեր գործիքներ ենք զարգացրել: Պարոն Թորոսյանի հետ հեռախոսային մի հավելված էինք թեստավորում, որը թույլ կտա անձանց ինքնահայտարարգրվել և 20 հարցի պատասխանելու արդյունքում ծրագիրն այդ մարդկանց կասի, թե որ խմբում են գտնվում` արդյոք վիճակը ռիսկային է, թե՝ ոչ: Եվ ծայրահեղ լինելու դեպքում նրանց կխնդրի կոնկրետ հեռախոսահամարի զանգահարել»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ սա այն փորձն է, որը կիրառել են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը։