Կառավարությունն այսօր հաստատեց 2015-2017թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով ճանաչվել է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և 2003 թվականից իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով: Այսինքն` այս ծրագրի հիման վրա են կազմվում տարեկան բյուջեները:
Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Առաջիկա երեք տարվա Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումը հնարավորություն է ստեղծում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց փաստաթուղթը, նշեց, որ այն համաձայնեցվել է նաև ՀՀ Նախագահի հետ, և խորհուրդ տվեց կառավարության անդամներին՝ ծանոթանալ այդ փաստաթղթերին: