ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ այս հանձնաժողովն ստեղծելով՝ ՀՀԿ-ն ժամանակ ձգելու մտադրություն ունի:
Նա նշել է, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու, խմբակցությունը դեռ կորոշի՝ մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ:
«Ժամանակ պետք է ձգել, հիմա քաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում: Հանրության ամբողջ ուշադրությունը կգնա այս հանձնաժողովի վրա, հետո կշահարկվի այն, թե ինչ ինքնանպատակ ընդդիմություն ունենք, տեսեք, թե ինչ են անում»,- հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս անդրադարձել է նաև Դավիթ Հարությունյանի այն հայտարարությանը, որ դեռևս նպատակահարմար չէ ընդդիմությունից մարդ նշանակել հանձնաժողովի նախագահ և նշել է, որ դա ճիշտ չէ:
«Շատ պատասխանատու հայտարարություն է, այդ դեպքում ասեք՝ քաղաքական ո՞ր հատվածը հասունացած չէ: Ընդդիմադիր հատվածը հասունացած է, մեծ պատիվ կլինի, եթե հանձնաժողովը գլխավորի Արծվիկ Մինասյանը, Արամ Մանուկյանը, Թևան Պողոսյանը, առավել ևս Հրանտ Բագրատյանը: Հասունացեք, եղբայր, քաղաքականապես, ինչո՞ւ եք մեզ մեղադրում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: