Հարցազրույց Հայաստանի ժողովրդական արտիստ, Վիեննայի Օպերայի թատրոնի մեներգչուհի Հասմիկ Պապյանի հետ:
Տիկին Պապյան, այս տարի երկար դադարից հետո վերջապես ելույթ ունեցաք հայրենիքում` Ֆիլհարմոնիայի դահլիճում հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Արդյոք մեր բեմը դիմացավ Ձեր տեսած բեմերի հետ համեմատությանը:
Մեր նվագախումբը հիանալի հանդես եկավ այդ երեկո: Ինձ շատ ուրախացրեց այդ փաստը, որ այդքան սուղ ժամանակում նրանք կարողացան այդպիսի մակարդակ ցուցաբերել: Ուրեմն, ոչ միայն դիմացավ, այլեւ գերազանցեց:
Փոփոխություններ կայի՞ն: Ինչպե՞ս կգնահատեք մեր Օպերայի վիճակը մասնագիտական տեսանկյունից, երաժիշտների մակարդակը…
Մեր Օպերան ունի բոլոր պայամանները` հիանալի ձայներ, լավ երգչախումբ, նվագախումբ, տեխնիկապես վերազինվել է: Միայն հարկավոր են ավելի հաճախակի ներկայացումներ, թե ունկնդրի, եւ թե կատարողների համար, որպեսզի երգիչները կարողանան աճել: Հուսով եմ, մոտ ապագայում դա եւս կլինի:
Վերջին շրջանում հայկական ֆիլհարմոնիկ նվագախումբն աննախադեպ ճանաչվածություն է վայելում: Երկրի նախագահի եւ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո հաճախ են համերգներ կազմակերպվում նույնիսկ արտերկրից հրավիրված հյուրերի մասնակցությամբ: Կարծում եք նախագահական ընտանիքի կողմից դա արվում է սեփական հեղինակությունը բարձրացնելո՞ւ, թե՞ այնուամենայնիվ մշակութային կյանքը զարգացնելու նպատակով:
Ընդհանրապես, ամբողջ աշխարհում մշակույթը հովանավորվում է պետության կողմից: Եվ մեր կառավարությունն էլ է փորձում դա անել: Չէի ասի, որ ծառայեցնում են իրենց հեղինակությունը բարձրացնելուն: Պարզապես լավ կլիներ, որ այդ միջոցները օգտագործվեին ավելի նպատակաուղղված, մեր երիտասարդ երաժիշտներին օգնելու եւ քաջալերելու նպատակով:
Եթե չեմ սխալվում, հիմա Դուք ապրում եք Վիեննայում: Միտք ունեք օրերից մի օր վերադառնալու, գուցե երգի դպրոց բացելու, հայ երիտասարդներին փոխանցելու այն ամենն, ինչ սովորել եք Ձեր անցած ճանապարհին:
Ոչ թե միտք ունեմ, այլ պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան: Իհարկե, այս տարիներին ձեռք բերած հմտությունը եւ գիտելիքներն էլ որտե՞ղ պետք է ներդնեմ, եթե ոչ Հայաստանում:
Խոսեց Մարիամ Մարգարյանը