Կյանքի տարբեր փուլերում մարդիկ տարբեր մոտեցումներ են ունենում, փոխհարաբերությունների՝ տարբեր մակարդակներ, անկեղծության՝ տարբեր աստիճաններ: Եվ դա կյանքի ու ժամանակի, փորձառության ու զգուշավորության թելադրանքն է: Life.panorama.am-ի զրուցակիցն է հայկական շոու-բիզնեսի ամենաօրիգինալ ներկայացուցիչներից մեկը՝ Հասմիկ Կարապետյանը:
-Նախկինում հեռուստաեթերներում հաճախ էիք երևում: Հիմա դադա՞ր եք հայտարարել:
-Այնպես չէ, որ ես հեռուստատեսությունում աշխատելու, հաղորդում վարելու ցանկություն չունեմ, սակայն այնպես էլ չէ, որ պետք է անընդհատ հեռուստաէկրաններին երևամ: Ես միշտ էլ դադարներով եմ աշխատել, որը շատ ճիշտ եմ համարում: Այդ ընթացքում հասկանում ես՝ արդյոք քո լսարանն ուզում է տեսնել քեզ էկրանին, թե՞ ոչ: Ծնվում են նոր մտահղացումներ, գաղափարներ: Ի վերջո, պետք է գալ այն ժամանակ, երբ ասելիք ունես՝ կարևոր, ոչ թե ծեծված ասելիք…Չեմ բացառում, որ եթե հետաքրքիր առաջարկներ լինեն, կրկին կհայտնվեմ էկրաններին: Հիմա ավելի շատ զբաղված եմ իմ կյանքով…
-Խոսքը միայն ստեղծագործակա՞ն կյանքին է վերաբերում…
-Ո՛չ, բնականաբար ես ունեմ անձնական կյանք և կյանքի այս հատվածում ինձ մոտ շատ ավելի մեծ դեր է խաղում այն: Ուշադրությունս առավել ուղղված է դեպի անհատական երջանկությունս…
-Փաստորեն, սերն արդեն կարողացել է ամրապնդվել ձեր սրտում: Բայց նրա մասին խոսել չեք սիրում, այո՞:
-Ներողություն եմ խնդրում իմ լսարանից, բայց խոսել իմ անձնական կյանքից՝ չեմ ցանկանում: Շատ փորձեցին քննարկել այն… Անձնականը մնում է անձնական, երբ այլ մարդիկ չեն խոսում այդ մասին…
-Կարևորը, որ երջանիկ եք:
-Այո: Ես շատ սիրված եմ, ես սիրում եմ, ես շատ երջանիկ կին եմ: Յուրաքանչյուր աղջիկ, կին իրավունք ունի երջանիկ լինելու… Վստահություն չունեմ ապագայի նկատմամբ: Կյանքի, տարիների փորձով հասկացել եմ, որ պետք է ապրել ներկայով և երբևիցե վստահորեն չխոսել ապագայի մասին:
-Արդեն մտածո՞ւմ եք ամուսնության մասին:
-Գիտեք, ես այն կանանց թվին եմ պատկանում, ում համար կարևոր չէ նշանադրությունը, խոսքկապը, հարսանյաց ծիսակատարությունը: Ես մի քիչ դուրս եմ այդ ամեն ինչից: Ես ստանդարտ մարդ չեմ, և իմ կյանքն էլ չի կարող այդքան օրինաչափ, կանխատեսելի քայլերով առաջ ընթանալ: Միգուցե շատ-շատերի համար մի քիչ կոպիտ կթվա, բայց ինձ համար կարևորը ոչ թե թուղթն է կամ հարսանիքը, այլ զգացմունքներն են, որոնք ապրում են իմ ներսում: Կարևորն այն է, թե ինչքա՜ն սիրված կին եմ ես… Իսկ մնացածն արդեն Աստծո ձեռքերում է: Աստծո կամքով թող ամեն ինչ լավ լինի:
-Ճի՞շտ է, որ ձեր ընտրյալը սփյուռքահայ է:
-Այո, նա Երևանում չի ծնվել և մեծացել: Արտերկրից է… Միայն դա կասեմ…
-Կարծեք թե ձեր անկեղծության մեջ ավելի զուսպ եք դարձել: Ես այլ կերպ եմ հիշում մի քանի տարի առաջվա Հասմիկին:
-Ճիշտ եք, փոխվել եմ այդ առումով: Շատ եմ տուժել անկեղծությանս ձեռքը: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ իմ անձնականը, իմ դրական ապրումները իրավունք չունեմ կիսելու հանրության հետ…
-Ինչո՞ւ:
-Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ շատ կան չար և նախանձ մարդիկ, ովքեր առանց պատճառի կարող են չուրախանալ քո դրական ապրումներով, կարող են նախանձել ու քեզ միանշանակ բացասական էներգիա հաղորդել: Անձնականը, անկեղծությունը շատ թանկ երևույթներ են, որպեսզի կիսեմ չար ու նախանձ մարդկանց հետ…
Մանրամասները՝ Life.panorama.am կայքում: