Մենք արդեն տեղեկացրել էինք, որ կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինն ուսումնասիրության է ուղարկել «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի կառավարությանն ուղղված նամակը, որտեղ կազմակերպությունը խնդրել էր, որպեսզի պետության աջակցությամբ գյուղերից որևէ մեկում հիմնվի մանկապարտեզ: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով, եզդիբանակ գյուղերին, այսօր, ավելի քան անհրաժեշտ են նախակրթարաններ:
Ինչպես այսօր AraratNews.am-ին տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը, Տարածքային կառավարման նախարարությունը պատասխանել է իրենց նամակին, սակայն իրենք դժգոհ են նման արձագանքից.«Մեզ պատասխանել են նամակով, որտեղ եզդիաբնակ գյուղերի գյուղապետերը հիմանվորում են, որ իրենք չունեն ֆինանսական միջոցներ՝ նախակրթարան հիմնելու: Զարմանալի է, որ կառավարությունը նման կերպ է փորձում հարցերը լուծել: Մենք առանց կառավարության էլ գիտեինք, որ այդ գյուղերը չունեն նման միջոցներ, և ամբողջ հարցը կայանում է նրանում, որ մենք դիմել էինք կառավարությանը՝ խնդիրը լուծելու համար: Հիմա ստացվում է, որ նորից նույն տեղում ենք»,- ասաց Համլետ Սմոյանըˋ վստահեցնելով, որ իրենք շարունակելու են ճանապարհներ գտնել այս խնդիրը լուծելու համար.«Հասկանլի է, որ կառավարությունը ինքնակամ նման խնդիր չի լուծի, բայց մենք նաև լավ գիտենք, որ ինքներս չենք պատրաստվում հանձնվել»: