Վերջին շաբաթվա ամենաակտիվ քննարկվող թեման Լանզարոտեի կոնվենցիան է:
Ինչպես գիտենք, Ազգային ժողովը մայիսի 11-ին 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Պետք է ընդգծել, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է դեռ 2010 թվականին: Փաստաթղթին միացած պետությունները պարտավորվում են ապահովել կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով նախատեսված՝ դիտավորությամբ կատարված արարքների քրեականացումը: Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողությունների դրդումը, երեխայի սեռական այլասերումը և այլն:
Չնայած այն հանգամանքին, որ կոնվենցիայի դրույթները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ տարբեր լրատվամիջոցներով ներկայացվեցին հանրությանը, այնուամենայնիվ, եղան ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հակապետական խմբավորումների ներկայացուցիչներ, որոնք ջանք չխնայեցին, որպեսզի դրույթների իրական կիրառման մեխանիզմները խեղաթյուրված ներկայացնեն հանրությանը:
Այս առնչությամբ զրուցեցի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հետ: Հիշեցնենք, որ պատգամավորը կոնվենցիայի վավերացման մասին ելույթով հանդես էր եկել ԱԺ-ում, ինչպես նաև այլ լրատվամիջոցներով խոսել էր երեխաներին սեռական բռնություններից պաշտպանելու մասին:
Գայանե Աբրահամյանը մեր այն դիտարկմանը, որ, չնայած իր ելույթում և հրապարակումներում հստակ երևում է, թե ինչպես պետք է ծնողները երեխաներին տեղեկացնեն և իրազեկեն սեռական բնույթի ոտնձգությունների մասին, այդուհանդերձ, հարցը շեղվեց և այլ արձագանք ունեցավ,այսպես պատասխանեց.
«Այն մարդիկ, որոնք կոնվենցիայի մասով շահարկումներ են անում, շատ հաճախ սուտ տեղեկություններ են տարածում: Դրանք հիմնականում հենց քաղաքական շահարկումներ են: Եվ քաղաքական նպատակներից ելնելով՝ ոչ այլ ինչ են, քան իշխանության դեմ ուղղված և վարկաբեկման որոշակի քայլեր: Այսինքն՝ կոնվենցիան որևէ կերպ երեխաներին դպրոցներում ուսուցանելը չէ: Եվ իմ ելույթում հենց դա էր նաև նշվում: Եթե այդքան մտահոգ էիք նախկինում զբաղվեիք այդ խնդիրներով, երբ վարչապետի խորհրդականի մակարդակով էր մանկապղծություն իրականացվում»:
Կոնվենցիան ճիշտ իրազեկելու նկատակով պատգամավորը հստակեցրեց.
«Նախ պետք է ևս մեկ անգամ հստակեցնել, որ կոնվենցիան սեռական կրթության մասին կոնվենցիա չէ: Ինչն էլ հիմնականում փորձեցին տարածել: Բացարձակ որևէ ձեռնարկ չի եղել: Եվ այն ձեռնարկները, որոնք հայտնվեցին, նույնիսկ ԱՀԿ-ինն էլ չէ: Դա գերմանական ինչ-որ փորձագիտական` անհասկանալի խմբի պատրաստած ձեռնարկն է, որն անգամ Եվրոպայում չի կիրառվում:
Նախ որևէ կերպ կոնվենցիան չի պարտադրում, որ այն պետք է լինի առանձին առարկա: Որևէ կերպ կոնվենցիան չի պարտադրում, որ այն պետք է լինի սեռական կրթության բաղադրիչ: Պարզապես ասում է, որ որևէ տարբերակով, առաջին հերթին ծնողի ներգրավմամբ, ծնողի միջոցով պետք է երեխաներին զգուշացնել և պաշտպանության մեխանիզմներ տալ երեխաներին»,- ասաց Գայանե Աբրահամյանը:
Պատգամավորն անդրադարձ կատարեց ինչպես Գևորգ Պետրոսյանին, այնպես էլ Գևորգ Դանիելյանին: Գայանե Աբրահամյանը ևս մեկ անգամ ասաց, որ վերը նշված անձինք ոչ միայն ստորագրել են կոնվենցիան, այլ նաև ասել են, որ սա իրապես նպաստելու է մանկապղծության դեմ պայքարին:
Գայանե Աբրահամյանը հասարակության ճիշտ իրազեկման կոնվենցիան մանիպուլյացիաների քաղաքական դաշտ տանողների մասին ասաց.
«Ցավում եմ, որ այս իրավիճակում մենք ևս բախվեցինք մեդիագրագիտության խնդրին: Որովհետև մեր հասարակությունը իսկապես չի կարող, ինչպես նաև այդ հմտությունը չունի` տարանջատելու ուղղակի սուտը, մանիպուլյատիպ հրապարակումները կամ որոշ մասնագետների մեկնաբանությունները և խեղաթյուրված, նենգափոխված մեկնաբանությունները, իրական փաստաթղթի հետ առնչություն չունցող տեղեկությունները: Դրանց հեղինակները շատ լավ հասկանում են, որ մարդիկ չեն կարդալու կոնվենցիան և այդ ստերին հավատալու են:
Ուզում եմ հիշեցնել քաղաքացիներին, թե ովքեր էին իրապես պայքարում մանկապիղծների դեմ և ովքեր են միշտ պայքարել երեխաների իրավունքների պաշտպանության համար:
Պատգամավորը հիշում է, թե ինչպես է լրագրող եղած ժամանակ, Ախթալայի դեպքերի առնչությամբ, դիմել այդ տարածաշրջանից ընտրված պատգամավորներին և խնդրել պաշտպանել երեխաներին: Բայց միայն լրագրողներով դժվար էր պայքարել մի ամբողջ իրավական համակարգի դեմ:
Գայանե Աբրահամյանը եզրափակիչ մասում ասաց, որ մարդիկ շատ հստակ պետք է հասկանան, որ իրենք պարզապես դառնում են քաղաքական շահարկումների զոհ, և հավելեց` կոնվենցիայի դրույթների իրականացման համար նախ պետք է փոխվի Քրեական օրենսգիրքը:
Հայկ Մագոյան