Վերջին մեկ ամսվա ընթացքում Երևանում կրակոցները չդադարեցին: Նախ հայտնի պատմությունը ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մասնակցությամբ, հետո Գագիկ Ծառուկյանի բարեկամների կրակոցները, «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքը, Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդու կողմից կատարված ծեծի դեպքը, Երևանի փոխոստիկանապետի եղբորորդու կատարած մահափորձը ու, հնարավոր է, տասնյակ այլ նմանատիպ դեպքեր, որոնք ծածկադմբոց են արվել, մեր երկրում սիցիլիական շունչ բերեցին:
Հնչեցին բազմաթիվ գնահատականներ, որոնք հնչեցնողների մեծ մասը խոսում էր ամենաթողության մասին: Հնչեցին նաև կանխագուշակումներ՝ ապագա հասարակական պայթյունի մասին:
Ու հանկարծ, օրեր առաջ, Երևանի կենտրոնում՝ Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց քաղաքացի Հայկ Կյուրեղյանը օդամղիչ ատրճանակով մի քանի անգամ կրակեց: Ինչ խոսք, այս պատմությունը բազմաթիվ մութ կողմեր ուներ: Նախ ոստիկանությունը մինչ օրս թաքցնում է զենքի տեսակը, որից արձակվել են «կրակոցները»: Araratnews-ի լրագրողը, ով ֆիքսել էր միջադեպն ամբողջությամբ, վստահաբար ասում է, որ երիտասարդի ձեռքին օդամղիչ զենք էր, որից վաճառվում է ցանկացած որսորդական խանութում և այն չի համարվում մարտական զենք, հետևաբար դրանից արձակված կրակոցները մարդուն կարող են հասցնել բացառապես թեթև մարմնական վնասվածքներ, չհաշված աչքերի կամ բաց բերանի մեջ արձակված գնդակները: Սակայն, փառք Աստծո, վերջին երկու տարբերակները տեղի չեն ունեցել:
Հաջորդ մութ մասն այս պատմության մեջ, իհարկե, երիտասարդի մոտիվացիան էր: Երեկ արդեն Հայկը ներկայացրեց իր այս քայլն անելու դրդապատճառները։
«Ես իմ բողոքը տվյալ ձևով եմ ներկայացրել, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր։ Միաժամանակ բողոքում են անարդար և կոռումպացված դատական համակարգի դեմ»։
Հայկի ակցիան, ճիշտ է, վտանգավոր էր թե´ հասարակության, թե´ առաջին հերթին իր համար, սակայն կարելի է վստահ ասել, որ սա այն բողոքի ակցիաներից էր, որոնց առաջացման ու տարածման վտանգի մասին պետք է մտածեն Հայաստանի Հանրապետության ապաշնորհ իշխանությունները: