Այսօր լրանում է ՀԱՊԿ ինստիտուտի հիմնադրման հինգ տարին: Այս կապակցությամբ ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ: Հանդիպման բանախոսներն էին ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային հանրային կենտրոնի տնօրեն Նվեր Թորոսյանն ու Աիդա Շահբազովան: «Շուրջ հինգ տարի մենք Հայաստանում գործունեություն ենք ծավալում և այսօր արդեն կարող ենք ասել, որ հասել ենք ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծմանը»,- նշեց Նվեր Թորոսյանը: Բանախոսնը շեշտեց, որ կենտրոնի առջև սկզբնական շրջանում դրված էր զուտ տեղեկատվություն մատուցելու խնդիրը: «Սակայն հետագայում արդեն առաջ եկավ առավել խորը վերլուծությունների կարիք և անհրաժեշտություն առաջացավ ստեղծել ՀԱՊԿ ինստիտուտը, վերջինս կարողացավ կազմակերպել հանդիպումներ, մեր մասնագետները հանդես եկան դասախոսություններով, ստեղծվեցին համագործակցային խմբեր և հարաբերություններ՝ Հայաստանում գործող մյուս բուհերի հետ, 2010 թվականին կազմակերպվեց միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին 14 երկրների ներկայացուցիչներ»,- ՀԱՊԿ ինստիտուտի գործունեությունը ներկայացրեց Նվեր Թորոսյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, Թորոսյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը չունի մրցակցություն ՆԱՏՕ-ի և որևէ այլ ռազմաքաղաքական միավորման հետ, և այս առումով Հայաստանը ստիպված չէ պայքարել երկու ճակատով, քանի որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները ևս ունեն համագործակցային հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ և այստեղ որևէ խնդիր չկա: