տուն Քաղաքական Հայաստան ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

ՀԱՊԿ-ը հրատապ նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով

299
0

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հրավիրվում է կազմակերպության արտակարգ նիստ՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի միջեւ առկա լարվածության աճի ֆոնին: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«Ս.թ. հուլիսի 12–ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած մարտական բախումների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնել»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նիստը տեղի կունենա այսօր: Այլ մանրամասներ  հայտնի չեն:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: