Արդեն 37 տարի Էրեբունու հանրակացարանում ապրող 66-ամյա Կարապետ Մարգարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է: Նա արդեն 24 տարի հաշմանդամություն ունի եւ ապրում է 4-րդ կարգի վթարային համարվող հանրակացարանում:
«Կինս «Մաքուր երկաթի» գործարանում էր աշխատում եւ հանրակացարանում այս սենյակը իր անունով է ստացել, իսկ ես շինարարության վրա եմ աշխատել, սպորտ դպրոցում եմ աշխատելˋ որպես մարզիչ: Միտինգների ժամանակ դուբինկաների հարվածից դարձել եմ 2-րդ կարգի հաշմանդամ, երկար տարիներ անկողնային եմ եղել, նոր եմ սկսել քայլել, շարժվել»,-ասում է Մարգարյանը:
Նա պատմում է, որ տարիներ առաջ միշտ ապրել է շենքի 7-րդ հարկում: Բնակիչների մի մասին հանրակացարանից տեղափոխելուց հետո նրան ստիպել են տեղափոխվել շենքի 2-րդ հարկ: Երկու սենյականոց բնակարանում նա ապրում է կնոջ, տղայի, հարսի եւ 2 թոռների հետ:
Հանրակացարանում այժմ ապրում է 50 բնակիչ: Մինչ այդ եղել են 150, որոնց տեղափոխել եւ հատկացրել են բնակարաններ Երևանի այլ թաղամասերում:
Դժգոհում է, որ 10 տարվա ապրողներին նոր տուն են հատկացրել, իսկ ինքը, որ հաշմանդամություն ունի եւ 37 տարի ապրել է հանրակացարանում՝ չեն տեղափոխում:
«Ինձ նույնիսկ ստիպել են, որ ամբողջ տան իրերը հավաքեմ իջնեմ մի քանի հարկ ներքեւ: Բայց հեշտ ա՞ էդքան վեշ կրելը, իջացնելը իմ էս հաշմանդամ վիճակին: Ասում էին՝ իջնում ես, իջի, չէ՝ լույսը անջատեց վրես, կտրեցին ու ստիպված իջանք»,-ասում է Մարգարյանը ու նշում, որ հույս չունի, թե իրեն նոր տուն կտան, չնայած նրան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացել է, թե 2015-ին նոր բնակարաններ կտեղափոխի բնակիչներին:
Այժմ տանը անդամներից աշխատում են որդին եւ կինը, երկուսն էլ՝ «Մաքուր երկաթ» գործարանում: Նա պատմում է, որ հազիվ են գոյատեւում տան անդամների ստացած աշխատավարձով, իսկ վերջին ամիսներին աշխատավարձերից պահված կուտակային կենսաթոշակային վճարները ավելի է հարվածում նրանց ընտանեկան բյուջեին:
«Այնքան որ յոլա ենք գնում: Այսքան ժամանակ ստեղ ապրել եմ՝ ոչ մեկը հալս չի հարցրել, մենակ իրանց շահերի մասին են մտածում, իրանց օգուտների»,-նշում է Մարգարյանը:
Տան պատերին խոնավության հետքեր կան: Իսկ տան կիսախարխուլ եւ ճաքճքած պատերի մի անկյունում կախված են փոքր թոռանˋ 10-ամյա Կարո Մարգարյանի մեդալները, ով կարատեիստ է:
Հանրակացարանում նույնիսկ գազատար չկա, ձմռան ցուրտ պայմաններում նրանք բնակարաններոը ջեռուցում են էլեկտարէնեգիայով, որի վճարը բավականին թանկ է նտում, մյուս կողմից լիարժեք չի տաքացնում բնակարանը: