Ընդերքի մասին օրենքում կլինեն ռադիկալ փոփոխություններ: Արդյունահանման թույլտվություն տալ այն դեպքում, երբ մետաղական հանքերի դեպքում պաշարների գնահատում` 5 տարում, իսկ ոչ մետաղական հանքերի դեպքում գնահատում արվել է վերջին 10 տարում: Այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով` եթե գործարարը ցանկանում է ներդրում կատարել եւ արդյունավետ շահագործում իրականացնել, նախ ներկայացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ընդերքի ուսումնասիրությունն արվել է 1950-ականներին: «Ամենեւին չենք ուզում ասել, որ դրանք սխալ են, բայց արդի աշխարհում դրանք հստակեցման կարիք ունեն»,- ասաց կառավարության անդամը:
Նախարարությունն առաջարկում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը եւ տրամադրել ծավալները, տալ ամբողջ հաշվեկշռով:
Հանքերի օգտագործման թույլտվությունը նախարարությունը 50 տարվա փոխարեն սահմանում է 25 տարի: Մինչեւ 500.000 տոննա արտադրանքի դեպքում պարտադիր է պինդ պոչանքների տեխնոլոգիայի կիրառումը: Իսկ 500.000 տոննայից ավելիի դեպքում՝ ջրի փակ հաշվեկշռի տեխնոլոգիան:
Սուրեն Պապիկյանն ասաց` առանց տեսչական մարմնի՝ հանքարդյունաբերողի իրավունքի կասեցում չի կարող լինել: «Սակայն լինում են դեպքեր, երբ ընդերք օգտագործողը դիմում է դատարան, վիճարկում է պետության որոշումը: Դատարանը եթե վարույթ է ընդունում հայցը, մեր կասեցումը վերացվում է մինչեւ դատարանի որոշումը: Տվյալ փուլում մենք առաջարկում ենք կասեցման որոշումը թողնել ուժի մեջ մինչեւ դատարանի վճիռը»,- մանրամասնեց նախարարը: