Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Մեղրաձոր խոշորացված համայնքում:
ՀՀ Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետն այցելել է Հանքավան բնակավայր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ 8000 քմ տարածքում կառուցում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խմելու հանքային ջրերի խոշոր գործարան:
Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրողը վստահեցրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ:
Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատակիցներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներին: Ակնկալվում է շուրջ 200 աշխատատեղի համալրում:
Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 5 տարի առաջ, սակայն հիմնական աշխատանքներն սկսվել են 2018-2019 թվականների ընթացքում: Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ, որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր տեսակի սերտիֆիկացումները։
Մարզպետն այցելել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացումը:
Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր, սակայն ՀՀ կառավարությունը հրատապ կարգով չեղարկել է դեռևս նախկին իշխանությունների կողմից 2017 թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ է հատկացվել դպրոցին՝ 2018-2019 թթ. ձմեռվա վառելափայտի ձեռք բերման ու աշխատավարձերի ապահովման համար (քանի որ պետբյուջեով դա այլևս նախատեսված չէր):
Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու շփվել երեխաների հետ: Ներկայում մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ: Հիշեցնենք, որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին և Կոտայքի մարզում միակն է, որի ամբողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես համայնքապետարանի միջոցներով և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում։