Հայաստանի համահայկական հիմնադրամում հանցագործություններ պարունակող երեւույթներ ենք նկատել: Նյութերն ուղարկել ենք գլխավոր դատախազություն: Հարուցվել են քրեական գործեր: Ուսումնասիրությունը վերաբերել է 2015-2017 թթ-ին: Այսօր Ազգային ժողովում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:
Պալատը մի շարք խախտումներ է բացահայտել անապահով ընտանիքների համար ձեռք բերված բնակարանների, կառուցված առանձնատների, կառուցված ու հիմնանորոգված մանկապարտեզների, դպրոցների համար գույքի պատրաստման, գնման եւ տեղադրման համար նախատեսված պայմանագրերի ապրանքների գնման գործարքներում: «Ապրանքները ձեռք են բերել առանց գնման գործընթացի, 269 միլիոն դրամի ապրանքները գնվել են 117 միլիոն դրամով ավելի թանկ»,- մանրամասնեց պալատի նախագահը:
Հիշեցնենք՝ հիմնադրամը 2015-2017 թթ-ին ղեկավարել է Արա Վարդանյանը, որին 2019 թ-ի տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր: Նա խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով՝ դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»: