տուն Քաղաքական Վերլուծական Հանրության համար պահվող տրանսպորտային թակարդը պետք է գցել վարչախմբին

Հանրության համար պահվող տրանսպորտային թակարդը պետք է գցել վարչախմբին

340
0

taron-margaryan-31

Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագնի հարցը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Ուղևորափոխադրողները հայտարարել էին, որ հունվարից տրանսպորտի ուղեվարձի չբարձրացման պարագայում իրենք չեն աշխատի: Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը և մյուս ուղևորափոխադրողները անգամ մեղադրում էին քաղաքապետարանին՝ իրենց խաբելու մեջ, սրանով փորձելով արհեստական հակասություն ցույց տալ քաղաքապետարանի չինովնիկների և ուղևորափոխադրողների միջև: Սա այն դեպքում, երբ հենց Տարոն Մարգարյանի, տրանսպորտային վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ընտանիքներին են պատկանում մի քանի երթուղային գծեր: Հակասությունն, այս պարագայում, ուղղակի բացակայում է:

Դեկտեմբերի 26-ին ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի երրորդ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ հունվարին տրանսպորտի սակագինը չի բարձրանա, քանի որ պետք է սպասել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ուղևորահոսքերի հաշվարկման վերաբերյալ իրականացվող ուսումնասիրության արդյունքներին, որոնք հայտնի կլինեն 2014թ. հունվարի 30-ին:

Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքային տրանսպորտն այնուամենայնիվ աշխատում է, չնայած այն բանին, որ որոշ երթուղիներ աշխատում են բավականին վատ ռեժիմով՝ 0,5-1 ժամում երթուղի դուրս բերելով ընդամենը մեկ մեքենա:

Այսպիսով, մի կողմից թեման շարունակվում է ձգձգվել, մյուս կողմից երթուղայինների գծատերերը չեն անցնում կտրուկ գործողությունների: Սա խոսում է միայն այն մասին, որ իրականում` նույնիսկ այս պայմաններում, քաղաքային ուղևորափոխադրումները խիստ շահավետ են, իսկ թանկացումների ցանկությունը պայմանավորված է միայն գերշահույթներ ապահովելու ցանկությամբ: Իսկ դա կարելի է իրականացնել մեկ այլ հարմար պահի: Սակագնի բարձրացումը կարող է կիրառվել մեկ այլ, ՀՀ համար ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդրից շեղելու համար՝ օրինակ, ղարաբաղյան հարցի վերաբերյալ ոչ հայանպաստ քայլեր իրականացնելու կամ վարչախմբի դեմ լուրջ գործընթացներ սկսվելու դեպքում:

Նման իրավիճակից խուսափելու համար նոր թանկացման դեպքում սոցիալական շարժումից տարվող պայքարը պետք է ենթարկել տրանսֆորմացիայի՝ ուղղակիորեն այն նեղ քաղաքականացնելով՝ հարվածելով թե՛ Տարոն Մարգարյանին, թե՛ Հանրապետական կուսակցությանը, և թե՛ Սերժ Սարգսյանին: Այսպիսով հանրության համար պահվող տրանսպորտային թակարդը պետք է գցել վարչախմբին:

Հ.Գ. Ուղևորափոխադրողները, այնուամենայնիվ, շարունակում են շանտաժի ենթարկել հանրությանը այս ցուրտ ժամանակահատվածում, հատկապես երեկոյան ժամերին՝ գիծ դուրս չգալով կամ դա անելով ավելի քան կես ժամ պարբերականությամբ: Երեկ երեկոյան ժամը 19:50-ից կատարված մոտավորապես 1-ժամյա ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Մաշտոցի պողոտայից դեպի Արցախի պողոտա տեղափոխող երթուղիները չեն աշխատում: Այդ ընթացքում անցել են ընդամենը մեկ 1 համարի ավտոբուս, մեկ 38 համարի միկրոավտոբուս, իսկ 37 և 22 համարի գծերը ընդհանրապես չէին աշխատում:

Հ.Գ. 2 Ուղևորահոսքերի հաշվարկման վերաբերյալ իրականացվող ուսումնասիրության արդյունքները չեն կարող լինել արժանահավատ, քանի որ այն հիմնված է լինելու մի քանի ամիսների ընթացքում իրականացված հետազոտության վրա, մինչդեռ ուղևորահոսքերի մեծությունը տարբեր սեզոններին էականորեն տարբեր են:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here