Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ ճգնաժամը հաղթահարելու համար ԱԺ-ն որոշեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնել։ Այդ կապակցությամբ այսօր ասուլիս էր հավիրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց «Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրության, սահմանադրական բարեփոխումների, այստեղ առաջացած ճգնաժամի» և մի շարք այլ հարցերի մասին:
«Մենք միշտ ասել ենք, որ Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կողմից ձևավորված Սահմանադրությունը, համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի, և Հայաստանը պետք է ունենա ժողովրդավարական Սահմանադրություն»,- իր խոսքում նշեց պարոն Մարուքյանը`հավելելով, որ բարոյական իմաստով Հրայր Թովմասյանը պիտի հեղափոխությունից հետո հրաժարական տար, քանի որ հեղինակել է Սահմանադրություն՝ այսքան խնդիրներով:
«Լուսավոր Հայաստանը» մաս չի կազմելու ո´չ «Այո»-ի, ո´չ էլ «Ոչ»-ի ճակատին:
«Բարոյական տիրույթում մեր կարծիքը սա է. երբ ամբողջ իշխանական թիմը հեռանում է `Հրայր Թովմասյանի մնալն անիմաստ է»,- ասաց Մարուքյանը` նշելով, որ հարցը ՍԴ չուղարկելու պատճառն էլ ստորագրությունների բավարար քանակ չունենալն է:
Լրագրողի հարցին, թե` հանրաքվեին չմասնակցելն ինչպես է դրսևորվելու, պատգամավորն ասաց` օրինակ՝ Ծաղկազարդի պատարագի գնալով:
Հիշեցնենք, որ հանրաքվեն կանցկացվի 2020 թվականի ապրիլի 5-ին։
Հայկ Մագոյան