Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։
Արսեն Դավթյանն այսօր դատարանում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, իսկ Ռազմիկ Աբրահամյանը, որը հանդիսանում է կաշառք տված անձը, ասաց, որ որոշակի վերապահումներով, բայց մեղադրանքն ընդունում է։
Հիշեցնենք, որ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու կապակցությամբ։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Արսեն Դավթյանն այս գործով կալանավորվել էր, ապա կալանքից ազատ արձակվել։ Դատական նիստը շարունակվում է, հետազոտվում են ապացույցները։