ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթն ու հաջորդած հարցուպատասխանը առավելապես արժանահիշատակ դարձավ Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցով: Սակայն իր ելույթից հետո մոտ մեկ ժամ Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև այլ հարցերի, որոնցից մի քանիսի վրա կցանկանայինք ուշադրություն հրավիրել: Նախ՝ ելույթի մասին։
Մանրամասն վերլուծելով Սերժ Սարգսյանի ելույթը՝ կարող են արձանագրել, որ տրաֆարետային ձևակերպումներից և ստանդարտ թեմաներից զատ, այդ ելույթում այլ բան չկար: Մարդու իրավունքներ, խաղաղություն, մի քիչ դասական դարձած նեղացկոտություն Թուրքիայից և այլն,կարճ ասած՝ ոչ մի հիշարժան բան: Հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու իր հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանն այս անգամ արդեն Եվրոպայի աչքում փորձեց «պաշտպանել» Ռուսաստանին` քանիցս կրկնելով, որ Հայաստանն ինքն է ցանկություն հայտնել մտնել ՄՄ: Անկասկած, այս պնդումը ևս, ամենայն հավանականությամբ, Եվրոպայի համար որևէ արժեք չուներ` ինչպես և հայաստանյան հասարակությա համար, քանի որ այդ որոշման թելադրված լինելը ակնհայտ է: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այս պնդումով ցանկանում էր ինչ-որ կերպ ապահովագրել Հայաստանի վարկը` որպես վստահելի գործընկերոջ և ինքնիշխան պետության, սակայն առկա իրավիճակում դա արդեն ձախողված քայլ է:
Հանրապետական ու մերձհանրապետական «ակտիվի» հիացական խանդավառությունն էր առաջացրել Սերժ Սարգսյանի պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչին, ինչը, մեղմ ասած, զարմանալի է: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ այլ պատասխան կարող էր տալ Սերժ Սարգսյանը: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի հակադարձումը ադրբեջանցի պատգամավորին նվազագույնն էր, որ կարելի էր ասել: Սերժ Սարգսյանի խոսքում առկա էին որոշակի էմոցիա և «մատ թափ տալու» տարրեր: Իր խոսքում Սերժ Սարգսյանը չհիշատակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը` նշելով, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորն է և ոչ թե պետության: Այս առումով հարկ է նշել, որ բացարձակապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ԼՂ ժողովուրդը չեն կարող նույնական լինել, ուստի սա կամ բացթողում է, կամ խնդրի մտածված շրջանցում: Մնացյալ հարցերն ու պատասխանները արարողակարգային բնույթ էին կրում և որևէ հետաքրքրություն չէին պարունակում:
Այս համառոտ դիտարկումից հետո ընդամենը կարող ենք ասել, որ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթն ու պատասխանները առանձնապես ոգևորության տեղիք չեն տալիս, քանի որ այն ստանդարտ ձևաչափի մեջ էրՙ և որևէ սկզբունքային նշանակության ելակետային տարր իր մեջ չէր պարունակում:
Աղասի Մարգարյան