Զարուհի Փոստանջյանի շուրջ բորբոքված կրքերը կարծես թե ոչ մի կերպ չեն հանդարտվում: Սակայն այս անգամ արդեն, ի տարբերություն իր առավել տարիքով կուսակիցների ոչ նորմատիվ լեքսիկոնի, գրական հայերենով հերթական պետական դավադրությունն է բացահայտել Հովհաննես Սահակյանը: Վերջինիս կարծիքով Փոստանջյանը եղել է ադրբեջանական լոբբինգի տիրույթում: Տպավորություն է ստեղծվում, որ վերադառնում ենք նախորդ դարի 30-ական թվականներ, երբ դավադրությունների մասին տեսությունները գտնվում էին իրենց զարգացման գագաթնակետում: Խորհրդային տոտալիտարիզմի պայմաններում ժողովրդի թշնամիների ու օտարերկրյա գործակալների փնտրտուքը համակարգի կենսունակության և բռնությունների հիմնավորման գրավականներից էր: Սակայն պարզվում է՝ հայաստանյան իրավիճակում դավադրությունների տեսությունները շարունակում են գոյատևել: Ընդ որում պետք է շեշտենք, որ այստեղ արդեն Փոստանջյանի դեպքը դառնում է մասնավոր, իսկ Հովհաննես Սահակյանի տված գնահատականը՝ չափազանց վտանգավոր: Ստացվում է այնպես, որ ցանկացած մեկին արդեն կարելի է մեղադրել պետական մասշտաբի հանցագործության մեջ, եթե նա հանդես է գալիս երկրի «առաջնորդի» քննադատությամբ: Սա նաև իր մեջ պարունակում է համակարգի վերջնական սննկացման տարրեր, քանի որ նախագահին ուղղված հարց-քննադատության մեջ, եթե վարչակարգի ներկայացուցիչները սկսում են որոնել թշնամական դավադրություններ, ապա կարող ենք ասել, որ տվյալ վարչակարգն այլևս կորցրել է իր կենսագործնեության բոլոր հենարանները: