Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անօթևանների բնակության հարցը ոչ թե պիտակավորված պաշտպանություն է, այլ հրատապ լուծում պահանջող հանրային խնդիր:
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրինությունը առարկում է մի շարք լրատվամիջոցներում և հեռուստալրատվական հաղորդումներում հիմնադրամի տնօրինությանն ու աշխատակիցներին ուղղված հանդիմանական հայտարարություններին, թե իբր կացարանում եղած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ անօթևան շահառուների ներկայացրած փաստարկները աշխատակիցներն անհիմն կերպով չեն ընդունում` առանձին շահառուների անթույլատրելիորեն պիտակավորելով իբրև հոգեկան հիվանդներ:
Հիմնադրամի տնօրինությունը, հաշվի առնելով իր ստանձնած սոցիալական խնդրի հանրային կարևորությունը, հավաստիացնում է, որ ներկայացրած փաստերն ու հիմնավորումները հենվում են բացառապես օրենքի, պահանջվող համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև առկա մասնագիտական եզրակացությունների վրա և ուղղված են շահառուների իրավունքների և շահերի ապահովմանը, նրանց կենսակերպի բարելավմանը:
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի՝ ժամանակավոր կացարանում մարդիկ կարող են բնակվել ոչ ավել, քան 3 ամիս ժամանակով: Հետագա խնամքի հաստատություններ ուղղորդման ենթակա շահառուների հետ կացարանում բնակության իրավունքի տրամադրման համաձայնագրերը որոշ անձանց համար երկարաձգվում են մի քանի տարի շարունակ, որոնց թվում նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ՝ հանրապետությունում համապատասխան հաստատությունների և ծառայությունների սակավության պատճառով:
Հիմնադրամի տնօրինությունը հայտարարում է, որ, պահպանելով բժշկական և անձնական գաղտնիքների մասին օրենսդրության պահանջները, չի հրապարակում նշված անձանց վերաբերյալ իր տիրապետության տակ եղած բժշկական եզրակացությունները, բուժման նշանակումները, հաշվառման տվյալներն ու փաստաթղթերը, ինչպես նաև անձնական տվյալները, որոնք պատրաստ է տրամադրել օրենքով թույլատրելի դեպքերում:
ՀՀ կառավարության օրակարգում է առողջական խնդիրներ ունեցող անօթևանների ախտորոշման ճգնաժամային կենտրոնի ստեղծման խնդիրը: Դրանով լուծում կստանան անօթևան մարդկանց բուժման ու խնամքի՝ հանրության համար կարևոր և բարդ հարաբերությունների հարցերը՝ ներառելով նման խնդիրներ ունեցող անձանց կոնֆլիկտային իրավիճակների ամենօրյա հոգսերը, որոնց հետ ամենօրյա աշխատանքում առնչվում են հիմնադրամի աշխատողները: